Սիրիական ընդդիմությունն ԱՄՆ-ին խնդրել է երկրի հյուսիսը պաշտպանել Թուրքիայում տեղակայված Patriot-ներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հեղափոխական ուժերի ու ընդդիմության Ազգային դաշինքի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Հաթիբը Դոհայում ընթացող Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ին խնդրել է թուրք-սիրիական սահմանին տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համալիրներով պաշտպանել Սիրիայի հյուսիսային շրջանները.

«Ես ԱՄՆ պետքարտուղարին խնդրել եմ Patriot հթիռների գործողությունները տարածել նաև Սիրիայի հյուսիսի վրա: Նա խոստացել է ուսումնասիրել տվյալ հարցը»:

Փետրվարին թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գործարկվել են Թուրքիային ՆԱՏՕ-ի տրամադրած Patriot վեց համակարգերը, որոնցից երկուական հատկացրել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդերլանդները:

Նշվում է, որ Կատարն իր հերթին առաջարկել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գումարել ԱՊԼ մինի-գագաթաժողով՝ կապված Պաղեստինի հետ: Այդ գագաթաժողովին պետք է մասնակցեն նաև պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների առաջնորդներ Մահմուդ Աբբասն ու Հալեդ Մաշալը, որոնց միջև առկա են մի շարք տարաձայնություններ:

Տեսանյութեր

Լրահոս