Կառավարությունը պաշտոնապես խոստովանեց, որ թանաքները ցնդել են
ՀՀ արդարադատության նախարարությունը մարտի 28-ին բոլորին հրավիրում է հանրային քննարկման: Ներկայացվելու է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» լրամշակված տարբերակը:
Նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի «Ազատ ու արդար ընտրությունների իրավունք» բաժնի 70.1 կետն արժանի է առանձնակի ուշադրության: Վերոնշյալ կետով առաջարկվում է «ընտրախախտումների կանխարգելման նպատակով ձեռնարկել միջոցներ, որը կապահովի անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնիքի թանաքի՝ մինչև ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի ավարտը փաստաթղթում պահպանվելը, իսկ այդ ժամկետի ավարտից հետո՝ փաստաթղթից անհետանալը»: Ընդ որում, այս գործողության պատասխանատու մարմինը լինելու է արդարադատության նախարարությունը, իսկ գործողության վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2014թ. երկրորդ կիսամյակ:
Այսպիսով, կառավարությունը «ռազմավարական» փաստաթղթի տեսքով խոստովանեց, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիների անձնագրերում թանաքները ցնդել են, և այդ «բարդ» հարցի լուծման համար մեկ տարուց ավելի ժամանակ է պահանջվելու: