
Բորիս Բերեզովսկին շնչահեղձ է եղել. դիահերձման արդյունքներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս հանգուցյալ գործարար Բորիս Բերեզովսկու մարմնի դիահերձման արդյունքները վկայել են, որ նրա մահվան պատճառ է հանդիսացել շնչահեղձությունը: Միևնույն ժամանակ նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր:
Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ պաթոլոգանատոմները որևէ բան չեն հայտնաբերել, որը կվկայեր պայքարի մասին: Դրանով իսկ ոստիկանությունը հայտնում է, որ Բերեզովսկին կարող է ինքնասպանություն գործած (իրեն կախած) լինել: Սակայն տվյալ բառը բացակայում է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ օլիգարխի մահվան հարցում չի տեսնում երրորդ կողմի մասնակցություն: Բերեզովսկու դիակը նրա թիկնապահի կողմից հայտնաբերվել էր մարտի 23-ին, Բերքշիրի անգլիական կոմսությունում գտնվող նրա տան լոգարանում:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկու ընկերներից մեկը՝ «Աերոֆլոտ» ավիաընկերության նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովը, պնդում է, որ Բերեզովսկուն խեղդամահ են արել: