Ոչ լեգիտիմ տարոնականություն կամ տարոնական լեգիտիմություն

Քաղաքականության «որակի» գնահատման առաջնային չափանիշերից մեկը հետևողականությունն է: Օրինակ՝ ամերիկյան, եվրոպական քաղաքական մշակույթում նախկինում արտահայտված դիրքորոշման փոփոխությունը քաղաքական գործիչների համար կարող է շատ թանկ արժենալ, իսկ քաղաքական ուժերի պարագայում՝ հանգեցնել նրանց վարկանիշի կտրուկ անկմանը: Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է՝ որքան ավելի մեծ է քաղաքական ուժերի «կշիռը», այնքան ավելի շատ են նրանք անհետևողական գտնվում իրենց գործողություններում: Ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր ուժերին ու գործիչներին:

Օրինակ, ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարվա սեպտեմբերին, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում այնպիսի «ջղային» խորհրդակցություն անցկացրեց, որ թվում էր՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է երջանիկ լիներ, եթե ամեն ինչ ավարտվեր միայն իր պաշտոնանկությամբ: Սակայն անցած շաբաթ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե քանի որ կառավարությունը շատ լավ է աշխատել, էական փոփոխություններ չեն լինի, այսինքն՝ վարչապետն, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել: Սա իշխանության կողմից ցուցաբերված անհետևողականության ամենևին ոչ եզակի օրինակներից է: Գրեթե հակառակը տեղի ունեցավ նաև ընդդիմադիր դաշտում: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անցած տարեվերջին կայացած ՀՀՇ համագումարում հատարարեց, որ այդ կուսակցությունը մշտնջենական արժեք է, որ ՀՀՇ-ն գոյություն կունենա՝ քանի դեռ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը: Ընդամենը երկու ամիս անց՝ այս տարվա փետրվարին, Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ն անվանեց «գեղի կլուբ» և վերջնականապես փակեց այն:
Անհետևողականության անձնավորված օրինակներից, թերևս, ավելի շուրջ են քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված անհետևողականության օրինակները: Ամենաթարմը՝ չմասնակցությունը փետրվարի 18-ի ընտրություններին և մասնակցությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն չմասնակցեցին անցած նախագահական ընտրություններին՝ հիմնավորելով, որ դրանք կեղծվելու են, որ դրանց արդյունքներն ի սկզբանե հայտնի են, և, որ իրենց մասնակցությամբ  չեն ցանկանում լեգիտիմացնել վերարտադրվող իշխանությանը: ԲՀԿ-ն չմասնակցեց՝ որևէ հիմնավորում չներկայացնելով: Հիմա՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս անց նույն այդ կուսակցություններն ամբողջ թափով լծվել են Երևանի ավագանու ընտրություններին, հայտարարում են, որ գնում են հաղթելու՝ Երևանում իշխանությունը վերցնելու, և այլն, և այլն: Ու դարձյալ որևէ բանական հիմնավորում չի բերվում այն մասին, թե ինչ է փոխվել երկու-երեք ամիսներին ընթացքում, ինչու՝ ընտրակեղծարարության մեքենա գործադրող իշխանությունը պետք է այս ընտրություններում լինի ավելի ազնիվ ու օրինապահ: Եվ ԲՀԿ-ի, և ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցության մոտիվացիան ու ակնկալիքներն, իհարկե, հասկանալի են. Դրան այնքան մանր են ու կոնյունկտուրային, որքան բարձր են այդ ուժերի կողմից  հնչում «հաղթանակի» մասին հայտարարությունները: Բայց դրանք հասկանալի են՝ ենթադրաբար և ոչ ամենևին այդ ուժերի ներկայացրած հիմնավորումների պատճառով: Նրանք ուղղակի հարկ չեն համարում իրենց գործողությունները հիմնավորել որևէ կերպ: Ինչպես, ի դեպ, իշխանությունները: Բայց եթե իշխանությունների այդ գործելակերպը կարելի է բացատրել նրանով, որ այն կախված է ոչ թե քաղաքացիների քվեից, այլ ընտրակեղծիքներից, դժվար է բացատրել ոչ իշխանական ուժերի այդ վարքագիծը: Երբ ընդդիմությունն է խախտում հաշվետվողականության սկզբունքը, մնում է ընդամենն արձանագրել, որ այն ևս դադարել է կախված լինել ընտրողի քվեից: Բայց քանի որ ընտրական արդյունքն, այնուամենայնիվ, կախված է ինչ-որ բանից, միակ «կախման կետը» մնում է իշխանությունը:
Ամեն դեպքում շատ հետաքրքիր կլիներ լսել ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, թե ինչու են իրենք որոշել լեգիտիմացնել Տարոն Մարգարյանին, երբ այդքան հետևողական էին Սերժ Սարգսյանին չլեգիտիմացնելու հարցում: Իսկ գուցե պատճառը քաղաքական չէ, և այդ ուժերն առաջնորդվում են նույն այն հիմնավորմամբ, ինչով իշխանությունն է փորձում շատերին համոզել, որ Տարոն Մարգարյանը հաղթելու է ընտրություններում: Իշխանությունների հիմնավորումը մարդկայնորեն հասկանալի է, քաղաքականապես՝ անհեթեթ: Իսկ դա արտահայտվում է ընդամենը նրանում, որ «Տարոնը լավ տղա ա»:

Տեսանյութեր

Լրահոս