Ժնևյան բանակցություններում քննարկվելու է հակամարտության գոտում ազատ տեղաշարժվելու հարցը

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական պատվիրակությունը մեկնել է Ժնև՝ մասնակցելու համար Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների շուրջ անցկացվող Ժնևյան բանակցությունների 23-րդ փուլին: Վերջինս անցկացվելու է մարտի 26-27-ին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի առաջին փոխարտգործանախարար Դավիթ Զալկալիանին: 23-րդ փուլում կողմերը քննարկելու են Աբխազիայում ու Հարավային Օսիայում իրավիճակի կայունացմանն առնչվող հարցեր, բնակչության տեղաշարժի հետ կապված դժվարությունները և այդ տարածքների սոցիալ-տնտեսական դրության հարցը:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով առաջին փոխնախարար Կետևան Ցիխելաշվիլին հայտարարել է, որ իրենք մտադիր են առաջին հերթին բարձրացնել հակամարտության գոտում մարդկանց ազատ տեղաշարժվելու հարցը:

Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցություններն անցկացվում են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած Ռուս-վրացական պատերազմից հետո: Այդ բանակցություններին մասնակցում են Վրաստանը, Ռուսաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ը: Այդ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Տեսանյութեր

Լրահոս