Բաժիններ՝

Վիտամին A-ի կամ ռետինոլի օգտակար հատկությունները

Վիտամին A-ն շատ կարևոր սննդարար նյութ է: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը` վարակների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, առողջ է պահում աչքերը, զարգացնում է ոսկորները  և պահպանում մաշկի խոնավությունը: Վիտամին A-ի պակասից երեխաների մոտ առաջանում է կուրություն, չոր աչքերի ախտանիշ (dry eye) և վատ տեսողություն:

Վիտամին A-ի պակաս: Վիտամին A-ի պակասի նախանշաններն են` մաշկի կերատինիզացումը, հավկուրությունը, աչքերում այրող զգացումը կամ քորը, կոպերի բորբոքվածությունը, քսերոֆտալմիան (xerophthalmia), անփայլ մազերը, թեփի առաջացումը, կոտրվող եղունգները, սեքսուալ խանգարումները, ինչպես նաև՝  նախաքաղցկեղային փոփոխությունները մարմնի հյուսվածքներում: A վիտամինի պակասը հոգնածություն է առաջացնում, անքնության և դեպրեսիայի առաջացման պատճառ է հանդիսանում:

Վիտամին A-ի կարևոր աղբյուրները: Վիտամին A պարունակում է ձկան լյարդի յուղը, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, չեդեր պանիրը, կարագը, կաթը: Դեղին և նարնջագույն մրգերը և բանջարեղենը  պարունակում են կարոտին պիգմենտը: Սննդակարգում ներառեք քաղցր կարտոֆիլ, գազար, բրոկոլի, սպանախ, մանգո, դդում, լոլիկ, ծիրան, դեղձ, պապայա, սիսեռ, վարսակի շիլա: Այս բոլորը հարուստ են  վիտամին A-ով:

vitamin-A

Կարդացեք նաև

Վիտամին Aի օգտակար հատկանիշները

Առողջ աչքեր: Վիտամին A-ն օգնում է լավացնելու տեսողությունը: Այն օգնում է աչքերին արագ ադապտացվել  լույսի փոփոխություններին, աչքերը խոնավ պահել և լավացնել գիշերային տեսողությունը:  Կանխում է չոր աչքերի ախտանիշը: Բացի այդ, վիտամին A-ն ձևավորում է ռոդոպսինը (Rhodopsin օr visual purple), որը լավացնում է տեսողությունը: Վիտամին A-ն ապահովում է ցանցաթաղանթի առողջ վիճակը և կանխում գիշերվա կուրությունը` ավելացնելով պայծառ լույսի և մթության նկատմամբ աչքի ադապտացումը:  Այս վիտամինը նաև  կրճատում է կատարակտի և մակուլադեգեներացիայի ռիսկը, որն ի հայտ է գալիս հասուն տարիքում: Վիտամին A-ն օգնում է նաև գլաուկոմայով տառապող մարդկանց:

Պահպանում է մաշկի փափկությունը և առաձգականությունը: Վիտամին A-ն օգնում է մարմինը հեռու պահել ազատ ռադիկալներից, տոքսիններից, որոնք կարող են վնասել մաշկը: Այն օգնում է մաշկը պահել փափուկ և առաձգական` ապահովելով նրա մեջ խոնավությունը, որն էլ իր հերթին՝ կանխում է չորությունը, կերատինիզացիան և փսորիազը:

Բարձրացնում  է  իմունիտետը: Վիտամին A-ն մարմնի իմունիտետը բարձրացնում է`լիմֆոցիտիկ (lympocytic) ռեակցիաներով հակահարված հասցնելով հիվանդության անտիգեններին (antigens): Այն խոնավ է պահում լորձաթաղանթը` նպաստելով ավելի ամուր իմունիտետ ունենալուն, և բարձրացնում է արյան սպիտակ գնդիկների գործունեությունը: Այս վիտամինը ոչ միայն կանխում է մանրէների ներթափանցումը մեր օրգանիզմ, այլև  պայքարում է ինֆեկցիաների դեմ:

Ամուր ոսկորներ և ատամներ: ՎիտամինA-ն ամրացնում է ոսկորները և ատամները: Օգնում է, որ ձևավորվի դենտինը` ամուր նյութից մի շերտ, որը գտնվում է հենց ատամի մակերեսի ներքևում: Դենտինի ձևավորվելու հետ էլ ամրանում են ատամները:

Կանխում է երիկամի քարերի առաջացումը: Վիտամին A-ն կանխում է երիկամների քարերի առաջացումը` կալցիումի ֆոսֆատի առաջացման շնորհիվ: Այն նաև օգնում է կայուն վիճակում  պահել երիկամների առողջական վիճակը, որն էլ իր հերթին՝ նպաստավոր պայմաններ չի ստեղծում երիկամային քարերի առաջացման համար:

Կանխում է մկանային դիստրոֆիան: Վիտամին A-ն ոչ միայն կարևոր է առողջ և ամուր ոսկորներ ունենալու համար, այլև  անհրաժեշտ  է  երեխաների և պատանիների մոտ  մկանների կանոնավոր աճի համար:

Կանխում է բշտիկների առաջացումը:  ՎիտամինA-ն պակասեցնում է մաշկի ճարպի քանակը, որն էլ իր հերթին՝ թույլ չի տալիս բշտիկների առաջացումը: Այն նաև ամրացնում է մաշկի պաշտպանական հյուսվածքը, որն էլ ապահովում է մաշկի առողջ և գեղեցիկ տեսքը: Վիտամին A-ն շատ կարևոր է մաշկի հյուսվածքների և լորձաթաղանթի համար: Այն իր հակաօքսիդանտ հատկություններով  հեռացնում է մարմնից տոքսինները և մաքրում օրգանիզմն այլ թունավոր նյութերից:

Կանխում է քաղցկեղի որոշ տեսակները: Վիտամին A-ն հզոր հակաօքսիդանտ է, որը կարող է կանխել քաղցկեղի որոշ տեսակներ:

Վերականգնում  և վերափոխում է ծերացած հյուսվածքները: Վիտամին A-ն կարևոր դեր է կատարում՝ մաշված և ծեր հյուսվածքները փոխարինելով նոր հյուսվածքներով:

Դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Վիտամին A-ն դանդաղեցնում է ծերացման գործընթացները, հարթեցնում է կնճիռները և կանխում մաշկի ծերացման հետևանքով առաջացող տարիքային բծերը:

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Վիտամին A-ն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը և դրանով էլ կանխում սրտանոթային հիվանդություններն ու  ուղեղի կաթվածը:

Առողջ վերարտադրողական համակարգ: Վիտամին A-ն առողջ է պահում մեր օրգանիզմի վերարտադրողական համակարգը:

A վիտամինի չափաքանակը: Պետք է օգտագործել միայն վիտամին A-ի ճիշտ չափաքանակ, քանի որ ավելորդ չափաքանակը չի ներծծվում օրգանիզմի կողմից: Ի հավելումն դրա, ավելորդ չափաքանակը հանգեցնում է սրտխառնոցի, մշուշոտ տեսողության, մեծացած լյարդի, փայծաղի:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս