Առաջին անգամ Հայաստանում ներկայացվելու է «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան (տեսանյութ)
Ապրիլի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, առաջին անգամ Հայաստանում, ներկայացվելու է «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան։
Այս մասին 168.am-ին հայտնում է ֆրանսիաբնակ հայազգի օպերային երգիչ, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը, ում հետ օպերան կատարելու է նաև ֆրանսուհի Ան-Շառլոտ Մոնվիլը։
Նշենք, որ օպերայի բեմադրիչը Բրունո Ստրեֆն է։
Դեռևս դեկտեմբեր ամսին 168.am-ին տված հարցազրույցում Մուրադ Ամիրխանյանն ասել էր, որ «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան Ֆրանսիայում առաջին անգամ ինքն է կատարել, և, քանի որ այն մեծ հաջողություններ է ունեցել, որոշել է ներկայացնել միջազգային այլ փառատոներում ևս։
«Ցանկացա նաև իմ ուրախությունը կիսել իմ երկրի հետ, և շուտով այն կներկայացնեմ հայաստանյան հանդիսատեսին: Երբ ասում ենք՝ օպերա, մեզ թվում է, թե այն ավելի քիչ հանդիսատեսի համար է նախատեսված: Ես ցանկանում եմ հեղափոխություն կատարել և բոլորի ուշադրությունը սևեռել 18-րդ դարի այս ժանրի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը: