Իսրայելը ներողություն է խնդրել Թուրքիայից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ և ներողություն է խնդրել 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի վրա:

Հիշեցնենք, որ այն ժամանակ իսրայելցի ջոկատայինները գրոհել էին «Ազատության նավատորմի» կազմում դեպի Գազա ուղևորվող թուրքական «Մավի Մարմարա» նավը և սպանել էին Թուրքիայի 9 քաղաքացու:

Նեթանյահուն տվյալ միջադեպի համար ներողություն է խնդրել թուրք ժողովրդից և խոստացել է փոխհատուցում վճարել տուժածների ընտանիքին: Թուրքիայի վարչապետական ապարատի մամուլի ծառայությունը հաստատել է Իսրայելի կողմից ներողություն խնդրելը` ընդգծելով, որ Էրդողանի ու Նեթանյահուի հեռախոսազրույցը տևել է մոտ 10 րոպե: Էրդողանը թուրք ժողովրդի անունից ընդունել է Իսրայելի ներողությունը:

Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Էրդողանն Ւսրայելին անվանել էր «ծովահեն», իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տվյալ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Այդ միջադեպից հետո Թուրքիան երեք նախապայման էր ներկայացրել Իսրայելին, որոնցից երկուսը գրեթե 3 տարի հետո ընդունեց Իսրայելը: Խոսքը ներողություն խնդրելու և փոխհատացում վճարելու մասին է: Միևնույն ժամանակ ոչինչ չի նշվում թուրքական երրորդ նախապայմանի` Գազայի հատվածի ծովային շրջափակմանը վերջ դնելու մասին:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սրանից առաջ եռօրյա այցով գտնվում էր Իսրայելում, և ամենայն հավանականությամբ հենց նա է ճնշում բանեցրել Նեթանյահուի վրա` Թուրքիայից ներողություն խնդրելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս