Նաիրա Զոհրաբյան. Երևանը որևէ քաղաքական ուժի կամ որևէ մի խումբ մարդկանց թիմի գրպանում չէ

Այսօր ԱԺ ճեպազրույցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց. «Ես ուղղակի քաղաքական ամբարտավանություն եմ համարում այն հայտարարությունները, թե՝ «մենք Երևանը չենք զիջելու»: Երևանը որևէ քաղաքական ուժի կամ որևէ մի խումբ մարդկանց թիմի գրպանում չէ, որ նրանք  որոշեն ՝ իրենց գրպանից Երևանը հանեն-տան»:

Ն. Զոհրաբյանը քաղաքական ամբարտավանություն համարեց նաև այն հայտարարությունները, ըստ որոնց՝ առաջին տեղն արդեն կանխորոշված է, և պայքարը պետք է գնա երկրորդ-երրորդ տեղերի համար:

«Նման վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ընտրողի հանդեպ, նման արտահայտությունը՝  «մեր դեմ խաղ չկա»,  նման ֆորմուլան, որը մեզ ծանոթ է և դրա միջով  բազմիցս անցել ենք,  միշտ կանգնեցնելու է  լրջագույն խնդիրների առջև: Եվ նման հայտարարություններ անողներին ասեմ, որ չի փրկելու ոչ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի  կոմպլիմենտները՝ երկու կողմից միմյանց շռայլվող, ոչ եվրոչինովնիկների տարբեր կարգի քաջագործությունները»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Վերջինս այնուհետ անդրադառնալով ՀՀ վարչապետի հասցեին արվող քննադատություններին՝ ասաց. ««Բարգավաճ Հայաստանը» երբեք որևէ անձի դեմ որևէ խնդիր չունի: Եթե այսօր տարվող, մեր գնահատմամբ՝ ճգնաժամային սխալ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը տաներ մեկ այլ վարչապետ, որի անունը կլիներ, ասենք՝ չգիտեմ՝ Պետրոս Պողոսյան, ուրեմն մենք նրան կքննադատեինք: Մենք Տիգրան Սարգսյան անձի դեմ խնդիր չունենք, մենք ասում ենք՝ տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը սխալ է: Այս կառավարությունն այդ վարչապետի գլխավորությամբ սխալ թիրախներ է ընտրել»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն չի պահանջում կառավարության հրաժարականը և չի քննադատում Սերժ Սարգսյանին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, թե ինքն արդեն պատասխանել է այդ հարցին, և այլևս հրաժարվեց խոսել այդ հարցի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս