Րաֆֆին կորցրեց վերջին շանսը

Անկախ նրանից՝ որքանով են իրականությանը համապատասխանում գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ մամլո ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցի վերաբերյալ մանրամասները, անկախ նրա մյուս հայտարարություններից, պետք է արձանագրել, որ դրանից հետո, ինչպես ընդունված է ասել՝ «գնդակը Րաֆֆիի դաշտում» էր (է՞): Քաղաքական հարթությունում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, մեղմ ասած, շատ անհարմար վիճակի մեջ դրեց, ինչին ի պատասխան՝ «Ժառանգության»  առաջնորդն առայժմ հանդես է եկել միայն «սուտ է ասում» որակումներով, որոնք արժանահավատ են թվում ոչ ավելին, որքան Սերժ Սարգսյանի հայտարարություններից շատերը:

Սակայն քաղաքական հարթությունում Րաֆֆի Հովհաննիսյանը համարժեք քայլ անելու հնարավորություն ուներ, որը չօգտագործեց: Խոսքն այնպիսի քայլի մասին է, որից հետո իշխանությունը կմտահոգվեր ոչ թե «Ժառանգության» առաջնորդի առողջությամբ, այլ առաջիկա քաղաքական զարգացումներով ու դրանցում պարտվելու անխուսափելի հեռանկարով: Հատկապես Սերժ Սարգսյանի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր չեղյալ հայտարարել առաջիկա զարգացումների վերաբերյալ մինչ այդ կայացված իր բոլոր որոշումները և անսպասելի, նոր լուծում գտնել՝ Սերժ Սարգսյանի հետ խոսելով ոչ թե էմոցիոնալ, այլ քաղաքական դաշտում: Ստեղծված իրավիճակում այդպիսի ամենաարդյունավետ լուծումը կարող էր լինել Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» կողմից ներկայացվելիք այնպիսի ցուցակը, այնպիսի առաջնորդով, որն ավագանու ընտրությունները կդարձներ նախագահի ընտրություններից ավելի քաղաքական ու ավելի լարված: Բնականաբար, ամենամեծ արդյունքը կարող էր ապահովվել, եթե Րաֆֆին չեղյալ հայտարարեր նախկին որոշումը և անձամբ գլխավորեր «Ժառանգության» ցուցակը: Այդ դեպքում գրեթե վստահաբար կարելի է ասել, որ դրանում կընդգրկվեին հիմնական ազդեցիկ ուժերի ներկայացուցիչները՝ ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ից հեռացած առանցքային կուսակցություններն ու անհատներ: Թերևս բոլորը, բացառությամբ՝ ԲՀԿ-ի: Դա իշխանության համար կարող էր իսկական մղձավանջ դառնալ:

Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից չհայտարարվող, սակայն բոլորի համար հասկանալի փաստարկը, թե ինքն իրեն ընտրված նախագահ է ճանաչում և քաղաքապետի թեկնածու դառնալը համարում է որպես նախագահի ընտրությունները փաստացի ճանաչելու քայլ, այլևս չի գործում: Եթե «Ժառանգությունը» մասնակցում է փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում վերարտադրված իշխանության կազմակերպելիք ավագանու ընտրություններին, դրանով իսկ ճանաչում է Սերժ Սարգսյանի փաստացի լեգիտիմությունը: Ինչպես, ի դեպ, եղավ 2009 թվականին, երբ ՀԱԿ-ը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին:

Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանից շատ ավելի բարձր ինքնագնահատական ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորեց ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, թեև այն ժամանակ դա քաղաքականապես սխալ քայլ էր: Ինչևէ: Եթե անգամ Րաֆֆին անձամբ իր թեկնածության առաջադրումը համարում էր անընդունելի, կարող էր ընտրություններից հետո գոյացած սեփական ռեսուրսն առաջարկելով որպես պլատֆորմ՝ մնացած ընդդիմադիր ուժերի հետ արագացված ռեժիմով նստել բանակցությունների սեղանի (անգամ նստարանի) շուրջ, հայտարարել, որ պատրաստ է ցանկացած փոխզիջման, ցանկացած այլ՝ քաղաքական կշիռ ունեցող անձի գլխավորած միասնական ցուցակի, միայն թե այդ ռեսուրսը չփոշիանա և հնարավոր լինի ավագանու ընտրությունները վերածել իշխանության վստահության հանրաքվեի և իսկապես «վերցնել քաղաքը»: Հիմա, իհարկե, արդեն ուշ է քննարկել, թե որ ուժերի և որ գործիչների միջոցով էր հնարավոր դա անել, սակայն այդպիսի հնարավորություն, շատ իրատեսական հնարավորություն առկա էր, որը ոչնչացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա «քաղաքական-քաղաքացիական» թիմի կողմից:

Սակայն, եթե դա տեղի ունենար, վստահաբար Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կարող էր այնպիսի հանրահավաք կազմակերպել, որը կստիպեր Սերժ Սարգսյանին վերանայել «0.01 տոկոսի» մասին հայտարարությունները: Այսինքն՝ Րաֆֆին կարող էր վեր կանգնել սեփական թիմի ամբիցիաներից և հզոր թեկնածուով վաղը հզոր հանրահավաք կազմակերպել, ինչը չարեց: Փոխարենը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է Արմեն Մարտիրոսյանի գլխավորած և բազմաթիվ հարգարժան, սակայն ոչ քաղաքական գործիչներով կազմված ցուցակով:

Եվ երբ Արմեն Մարտիրոսյանը հայտարարում է, թե մայիսի 5-ին պայքարը չի լինելու իր ու Տարոնի միջև, ոչ միայն ծիծաղելի չէ, այլև համապատասխանում է իրականությանը: Այո, մայիսի 5-ին պայքարն ընթանալու է իր ու Վահագն Խաչատրյանի, իր ու «Առաքելության» ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանի և բազմաթիվ այլ թեկնածուների միջև: Չցանկանալով նսեմացնել Արմեն Մարտիրոսյանի արժանիքները մարդկային, ազնվության դաշտում, դժվար է չարձանագրել, որ պայքարը չի ընթանալու նույնիսկ իր և Վարդան Օսկանյանի միջև՝ քաղաքական տարբեր քաշային կատեգորիաներում գտնվելու պատճառով:

Մի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից իրեն հասցված քաղաքական հարվածին պատասխանելու, այլև իշխանության դեմ հասարակության ալիքն ուղղորդելու, դրա արդյունքում՝ գոնե Երևանում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը: Րաֆֆին ոչ ստանդարտ քայլեր կարողանում է կատարել միայն ցուցակներ կազմելու ժամանակ: Նույն՝ անհասկանալի  սկզբունքով  մի ցուցակ էլ նա կազմեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ և կարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը՝ ոչ առանց իշխանության աջակցության: Բայց նա դրանից հետևություն չարեց:

Արդյունքում՝ հնարավորություն տալով Տարոն Մարգարյանին՝ մայիսի 6-ին որպես քաղաքապետ արտաբերել «Ժառանգության» համամասնական ցուցակի անունը՝ «Բարև Երևան»:

 

Տեսանյութեր

Լրահոս