Բաժիններ՝

Վրաստանի հաջորդ նախագահ կարող է դառնալ Սալոմե Զուրաբիշվիլին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ «Վրացական երազանք» դաշինքի կողմից հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է առաջադրվել նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանում մի շարք քաղաքական գործիչներ արդեն իսկ արտահայտվել են այդ մասին: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն դրականորեն է արձագանքել դրան. «Ես որևէ տեղեկություն չունեմ, սակայն ինձ դուր է գալիս այդ գաղափարը: Ես հարգում եմ նրան, և կարծում եմ, որ նա կլինի հիանալի նախագահ: Սակայն այդ հարցը չի լուծվի նման հեշտությամբ: Մենք կմտածենք, կքննարկենք դա»:

Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է մեկնաբանել այդ լուրը և հայտարարել է, որ Վրաստան կվերադառնա միայն այն ժամանակ, երբ լինի դրա կարիքը (ներկայումս բնակվում է Ֆրանսիայում – 168.am): Սրանից առաջ էլ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին արժանի տեղ է զբաղեցնելու դաշինքում:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի արտգործնախարար է հանդիսացել 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2005 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վրացական երազանքից» նախագահական ընտրություններում կարող է ներկայացվել Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի թեկնածությունը, սակայն հունվարի վերջին նրա ու Բիձինա Իվանիշվիլիի միջև տեղի ունեցած «ծանր խոսակցությունը» վերջակետ դրեց դրան՝ միաժամանակ Ալասանիային զրկելով փոխվարչապետի պաշտոնից:

Թեկնածուների թվում շոշափվում էր նաև Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս