Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկ բերող չէ» (տեսանյութ)

Ի՞նչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, երբ վերջինս այցելեց Ազատության հրապարակ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած մամլո ասուլիսին այս հարցն ուղղեցին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արդեն ավելի քան մեկ շաբաթ հայտարարել է հացադուլ:

Այս հարցին ի պատասխան` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Երբ պարոն Աբրահամյանն այցելեց, ես ձեզ ասացի, որ սա քաղաքավարական այց է: Ինքը ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին, որևէ բովանդակության մասին չխոսեցինք»:

Իսկ հարցադրմանը, թե ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի առաջարկից` ստանձնելու սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ Հովիկ Աբրահամյանն իրեն որևէ առաջարկ չի կատարել:

«Իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, և ներկա դրությամբ Սերժ Սարգսյանն ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

«Ես կարող եմ ասել, որ պարոն Աբրահամյանի հետ նման քննարկում չկար: Ես շատ հստակ ասացի այս «VIP սրահում», որ ես իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Սարգսյանը կարող է ուղղակի ինձ ներկայացնել իր առաջարկները` բանավոր, թե գրավոր, ինչպես ուզենա: Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկ բերող չէ, ինքը չի կարող պարոն Սարգսյանի կողմից ինձ որևէ բան առաջարկել»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց նախորդ շաբաթ` մարտի 15-ին` ուշ երեկոյան:

Ընդդիմադիր շարժման առաջնորդը կրկնեց նախկինում իր հնչեցրած տեսակետը, որ չի մեկնաբանելու որևէ մեկի խոսքը` բացառությամբ նախագահ Սերժ Սարգսյանի և Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի:

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքն արդեն առաջարկներ արել է Սերժ Սարգսյանին` նախագահական նստավայրում, սակայն այդ առաջարկները մերժվել են գործող նախագահի կողմից: Նա անդրադարձավ նաև Հովիկ Աբրահամյանի այն գնահատականին, թե իր կողմից սկսված հացադուլը «անընդունելի վերջնագիր է»: «Ես վերջին անգամ պիտի ասեմ` դա վերջնագիր է ոչ մեկին ուղղված` բացի ինձ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որևէ ակնկալիք ունի՞ Սերժ Սարգսյանից կամ սպասում է որևէ առաջարկի: Սրան ի պատասխան նա ասաց. «Ո´չ, ես ոչ մի առաջարկի չեմ սպասում, բայց եթե ինքը տա, ես սիրով կլսեմ և լրջորեն կմոտենամ: Ով ուզում է ուղիղ ինձ առաջարկ անել, ես սիրով կլսեմ, բայց ժողովրդի պահանջը, իրավունքը պետք է արտացոլված լինի այդ լուծման մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս