Դասախոսը, ի նշան դժգոհության, հրաժարվում է աշխատավարձից
Hetq.am-ի փոխանցմամբ՝ Տիգրան Պետրոսյանը արդեն 11 տարի է, ինչ դասավանդում է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղում և մասնագիտանում է տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգում: Նա լսելով, որ ԵՊՀ-ի դասախոսներից` Արարատ Միրզոյանի պայմանագիրը չեն երկարացրել, ինչ է թե քննադատել է ռեկտորի օգնականի պահվածը, որպես բողոքի նշան հրաժարվում է մարտ ամսվա իր աշխատավարձից:
Տիգրան Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ անձամբ չի ճանաչել Արարատ Միրզոյանին և երեկ է նրա հետ ծանոթացել:
Կայքի հարցերին պատասխանում է Տիգրան Պետրոսյանը:
– Ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել աշխատավարձից:
– Մարտի 15-ի առավոտյան էլեկտրոնային ԶԼՄ-ներից տեղեկացա ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին: Սոցիալական ցանցերից էլ ծանոթ էի ԵՊՀ բակում «զորաշարժերի» վերաբերյալ նրա իրականացրած հայտարարությանը և համադրելով դրանք ոչ վաղ անցյալում, նույն, իրավական առումով լրիվ հստակ, բայց կամարտահայտման ազատության առումով խիստ մտահոգիչ երեւույթների հետ, պարզապես չկարողացա կրավորական կեցվածք ընդունել եւ որոշեցի արտահայտել մտահոգությունս: Հետ եմ վերադարձնելու այս ամսվա աշխատավարձս, ոչ միայն այն պատճառով, որ նման խնդիրները իրապես վտանգավոր են մեր պետականության ճիշտ ուղղով զարգացման համար, ոչ միայն այն պատճառով, որ գիտակցում եմ ազատ համալսարանական միջավայրերի դերը այդ զարգացման գործում, այլ նաև որպեսզի ցույց տամ, թե կրթական համակարգի պատասխանատուներին և թե հասարակությանը, որ շատ շատերս բուհական համակարգում, անկախ մեր բուհական կարգավիճակներից, դասավանման ժամաքանակներից և ժամկետից, աշխատավարձի համար չէ, որ մտնում ենք լսարան ու նայում ուսանողի աչքերի մեջ:
– Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր գործընկերներն ու բուհի ռեկտորը:
– Դեռ չեմ հանդիպել ոչ կոլեկտիվիս, ոչ տնօրինությանը, բայց ինչ-ինչ, պոլիտեխնիկական հասարակությունը միշտ իմ համար տարբերակվել է, և դեռևս որևէ խնդիր իմ բուհում ոչ ունեցել եմ և ոչ էլ որևէ մեկին սատարալու կարիք է եղել:
– Այդ քայլով հնարավո՞ր է ինչ-որ արդյունքի հասնել, որ գոնե մանկավարժներին ու դասախոսներին հեռու պահեն քաղաքական «խաղերից»:
– Անկեղծ ասած՝ քայլն ավելի շատ արել եմ իմ խղճի հանգստության եւ նմանատիպ երեւույթների նկատմամբ իմ քաղաքացիական կեցվածքն արտահայտելու համար, իսկ մանկարժներին ու դասախոսների մասով գտնում եմ, որ այո, կրթական օջախներում իրենք իրավունք չունեն քաղաքական գործունեություն ծավալել, կամ դառնալ այդ գործունեության սուբյեկտ, սակայն քաղաքացիական կեցվածք և դիրքորոշում ունենալը այսօր նույիսկ պարտադիր է:
– Ձեր կարծիքով` այսօր կրթության համակարգն առողջացնելու կարիք կա՞, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:
– Չեմ ցանկանում սևեռվել համակարգային բարեփոխումների անհրաժեշտությանը, դրանց իրականացման տեմպերին, սպասվող եւ ստացված արդյունքներին, իհարկե, ոչ միայն կրթության բնագավառում: Սակայն, ցավոք երբեմն չեն աշխատում նաև այն օղակները, որոնք ըստ էության գործելու էին ինքնակազմակերպման սկզբունքով, օրինակ` նույն արհմիությունները: Իրապես իրենց սահմանած գործառույթները իրականացնելու դեպքում, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, շատ ու շատ հարցերից կազատվեինք եւ այդ էներգիան ևս կուղղորդեինք պետականության կայացմանը եւ պետության շենացմանը:
Լուսանկարը՝ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից