Հովհաննես Սահակյան. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հաճույք է ստանում այցելություններից, դա էլ է խնդիր»
«Մենք մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, մտահոգ ենք նաև Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությամբ: Այցելել ենք, տեսնենք՝ ինչպես է առողջականը, ևս մեկ անգամ ասելու, որ պատրաստ ենք նստել, խոսել, այդ ճանապարհով գտնել ելքերը»,- 168.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկվա այցը Ազատության հրապարակ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո երեկ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները՝ ցրել խորհրդարանանն ու անցկացնել ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ՝ անհիմն են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարից հետաքրքրվեցինք՝ այդ պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում երկխոսությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Սահակյանը նույնպես հայտարարեց, թե այդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահաջները ռեալ չեն, քանի որ բոլոր այն կառույցները, որոնք զբաղվում են ընտրություններով, արձանագրել են այն փաստը, որ երկրորդ փուլ չի կարող լինել:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովը լուծարելու մասին «Ժառանգության» առաջնորդի պահանջին, ապա Հովհաննես Սահակյանի համոզմամբ, դա ևս ոչ իրատեսական է:
«ԱԺ-ն ստիպողաբար, միտումնավոր պարապուրդի մատնելու դեպքում մենք կնմանվենք տուն-տունիկ խաղացող երեխաների: Ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ իր պահանջները մի փոքր ռեալացնի: Եթե հնչում են՝ «իմ դիակի վրայով» հայտարարություններ, ուրեմն՝ ի սկզբանե միտումն այն չէ, որ նստես, խոսես, ելքեր փնտրես»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա պնդեց, որ կան բազմաթիվ փաստեր այն մասին, որ ՀՀԿ-ն պատրաստ է ընդառաջ գնալ և խնդիրները լուծել: Հովհաննես Սահակյանի համոզմամբ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանա, թե ինչն է խնդիրը, իրենք կնստեն, կզրուցեն, բայց, ըստ Սահակյանի՝ եթե նա ընդամենն ունի այդ երկու պահանջը և համոզված է, որ 37 տոկոսն ավելի շատ է, քան 58 տոկոսը, ուրեմն՝ «մեր կյանքում ինչ-որ բան այն չէ»:
Հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցերը հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին նախապատրաստո՞ւմ են նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ազատության հրապարակ, Հովհաննես Սահակյանը նախ ասաց, թե պետք չէ ամեն ինչ ծայրահեղացնել, քանի որ ամեն ինչ բովանդակության մեջ է գեղեցիկ, ոչ թե՝ ձևի: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի համար կարևոր է բովանդակությունը, արդյունքը, պտուղը, ուրեմն՝ կապ չունի: Եթե ինքը մի անգամ գնաց նախագահական, զրուցեց կարող էր երկրորդ անգամ էլ գնալ, կարող է՝ երրորդ անգամ էլ գնա: Իսկ եթե ինքը ձևի համար է էնտեղ նստել և հաճույք է ստանում, որ բոլորն այցելում են իրեն, տեսնում են, դա էլ խնդիր է»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնարավոր այցին, ապա իբրև քաղաքական գործիչ՝ Հովհաննես Սահակյանը ոչինչ չի բացառում, հատկապես, որ ինքը չի որոշում Սերժ Սարգսյանի տեղաշարժը: «Չբացառելով ոչինչ, առավել ևս դրա մեջ վատ բան չտեսնելով՝ ես գիտեմ, որ նախագահի վերաբերմունքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ նույնն է՝ անկախ նրա հայացքներից: Եվ քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացի է, ես վստահ եմ, որ նախագահը մտահոգ է Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքացու առողջությամբ և հարցադրումներով»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ պնդելով, որ չպետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե Սերժ Սարգսյանը կայցելի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ, քանի որ խնդիրը միայն այդ տարբերակով չէ, որ լուծելի է: