Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Կլեպտոնի հայտարարած մրցույթում
Երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը հաղթել է համաշխարհային ճանաչում ունեցող անգլիացի կիթառահար և երգահան Էրիկ Կլեպտոնի հայտարարած մրցույթում: Բրիտանացի հանրահայտ ռոք երաժիշտն աշխարհին հայտնի է իր մի շարք հիթերով, այդ թվում նաև «Tears in Heaven» երգով, որ Կլեպտոնը կատարել էր իր 4-ամյա որդու՝ Կոնորի մահվան կապակցությամբ; Վերջինս մահացել էր Նյու Յորքում, վայր ընկնելով բարձրահարկ շենքի 53-րդ հարկից:
Էրիկ Կլեպտոնն իր արվեստի սիրահարների հետ միասին այս տարի նշում էր հանրահայտ «Slowhand» ալբոմի թողարկման 35-ամյակը, ինչի առիթով երաժիշտը ներկայացրել է «Cocaine» հիթի կիթառային ակորդների նոր շարք և հայտարարել այդ նույն հիթի լավագույն, այսպես կոչված, «cover»-ի մրցույթ: Մրցույթին մասնակցում էին նաև մեր հայրենակիցները՝ երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը և կիթառահար Արթուր Մարգարյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո պարզվել է, որ հաղթողները երկուսն են։ Դրանցից մեկը Սուրեն Առուստամյանն է: Այս մասին Ս. Առուստամյանն հայտնել է նաև իր երկրպագուներին իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով քվեարկության համար: