ՍԴ-ում անեկդոտ ու առակ պատմելուց հետո գնացին ճաշի ընդմիջման
Քաղաքացու տնից գողություն են կատարում, նա դիմում է ոստիկանություն: Ոստիկանը ասում է. «Ինչո՞ւ դռանդ փականը անգլիական արտադրության չես դրել, այլ տեղական է»:
Քաղաքացին պատասխանում է.
– Հնարավորություն չեմ ունեցել:
Ոստիկանը հակադարձում է.
– Բա դուռն ինչու՞ երկաթյա չէ:
Քաղաքացին ասում է.
– Սա է եղել իմ հնարավորությունը:
– Բա ինչո՞ւ ահազանգման մեխանիզմի հետ միացված չի եղել, որ ոստիկանությունը ժամանակին արձագանքեր:
– Դե, կներեք, իմ մեղքն է:
– Բա որ այդքան մեղք ունես, էլ ինչո՞ւ ես եկել ոստիկանություն:
– Կներեք, գողը սկի մեղք չունի՞:
Այս անեկդոտը Սահմանադրական դատարանում պատմեց ՍԴ անդամ Կիմ Բալայանը, երբ հարցեր էր տալիս ոստիկանության ներկայացուցչին: Նա տարակուսանք հայտնեց, երբ նախագահական ընտրություններից հետո մինչ օրս ընտրակաշառք բաժանելու հետ կապված որեւէ բացահայտում արված չէ, ինչը հասարակության մոտ կարող է նվազեցնել վստահությունը:
«Խախտումներ որ եղել են, ազդել են ընդհանուր արդյունքների վրա, թե չեն ազդել՝ այլ խնդիր է, բայց որ խախտումներ եղել են, ակնհայտ է: Բայց հայտնաբերման առումով չե՞ք տեսնում, որ լրացուցիչ լծակներ են պետք, որպեսզի իրավախախտումները հայտնաբերվեն, եւ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր թույլ են տալիս իրավախախտումներ, որոնք մեծ վնաս են հասցնում հասարակությանը եւ մեր պետությանը»,- անեկդոտից հետո հարցը շարունակեց ՍԴ անդամը:
Ոստիկանության ներկայացուցիչն էլ ՍԴ անդամին հակադարձեց առակով. «Դուռդ փակ պահիր, հարեւանիդ էլ գող մի անվանիր: Դա էլ կա»:
Ըստ նրա` հասարակության մի խումբ ասում է, որ կատարվել են բազմաբնույթ համակարգային խախտումներ, մեկ այլ խումբ էլ ասում է, որ համակարգային չի եղել:
«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր անձ իր գործընկերների հետ պետք է ազնիվ լինի եւ օբյեկտիվորեն ներկայացնի այն, ինչն ինքը կարող է եւ ինչը ինքը չի կարող: Նման պայմաններում, կարծում եմ, վստահությունը հավասարակշռված կլինի: Բոլորս իրավաբաններ ենք եւ բավականին պրակտիկ փորձ ունենք: Կաշառք տալը եւ բազմաթիվ այլ հանցագործություններ իրենց բնույթով լատենտային են, երկու կողմն էլ շահագրգռված են, եւ օբյեկտիվորեն հասկանում ենք դա: Ընտրակաշառք տվողը եւ վերցնողը շահագրգռված կողմեր են: Այդ տեղեկատվության առումով, իհարկե, ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- նշեց ոստիկանության ներկայացուցիչը:
Ըստ նրա` եթե պատկերացնենք, որ հաղորդում տվող կազմակերպությունը, ֆիզիկական անձը կամ լրատվամիջոցը չի փորձում իր մոտ եղած տեղեկությունը փոխանցել ոստիկանությանը, արդյունքն էլ այնքան դրական լինել չի կարող:
Նիստն ընդհատվեց. մեկ ժամ ճաշի ընդմիջում է:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները` ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները վիճարկելու մասին, որով ցանկանում են անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները:
hetq.am