Իրանում ստեղծվում է նախագահական ընտրությունները լուսաբանող օտար ԶԼՄ-ների վերահսկման հանձնաժողով
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը վերահսկելու է առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում օտար լրագրողների գործունեությունը: Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի ու իսլամական կողմնորոշման փոխնախարար Մուհամեդ Ջաֆար Մուհամեդզադեն:
Վերջինիս խոսքերով՝ նախագահական ընտրությունների նախաշեմին Իրանում ձեռնարկվում են մի շարք միջոցներ, որպեսզի ընտրությունները երկրում անցկացվեն բարենպաստ պայմաններում ու առողջ մթնոլորտում. «Այդպիսի իրավիճակում շատ կարևոր է ԶԼՄ-ների դերը:
Մենք մտադիր ենք ցույց տալ, որ մեր երկիրը հանդիսանում է ամբողջովին ժողովրդավար երկիր, որ մեր ժողովուրդը քաղաքական առումով ակտիվ է և զանգվածային մասնակցություն է ունենում ընտրություններին:
Մենք արդեն իսկ օտար ԶԼՄ-ների ներկայացուցիչներից ստացել ենք բազում դիմումներ՝ նախագահական ընտրությունների շրջանում հավատարմագրում ստանալու համար: Մենք արդեն իսկ սկսել ենք գրանցել օտար լրագրողներին, որոնք կլուսաբանեն ընտրությունների ընթացքը»:
Նշվում է, որ Իրանում 11-րդ նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին: Գործող նախագահը Մահմուդ Ահմադինեժադն իրավունք չունի երրորդ անգամ անընդմեջ սեփական թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: