
Ռուբեն Հակոբյան. «Եթե Սևանում չլիներ ոստիականությունը՝ արյուն կթափվեր»

Առաջին անգամ բարձրաձայն ասում եմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ հարցներ, կողմ ես հացադուլին, ես կպատասխանեի՝ ոչ, որովհետև գիտեմ՝ ի՞նչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի արտաբերած խոսքը, դրա արժեքն ու հետևանքները: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աժ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյան:
Վերջինս խոստովանեց, որ հացադուլի մասին հայտարարությունը սկզբում ոչ միարժեք ընդունվեց նույնիսկ սոցիալական ցանցերում, եղան բավականին դժգոհություններ, բայց հաջորդ օրը, Ռ. Հակոբյանի խոսքով, եղան մեկնաբանություններ՝ ինչի արդյունքում հայտարարվեց հացադուլ:
Իսկ թե ինչո՞ւ հայտարարվեց հացադուլի մասին, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Առաջին տարածված պատճառն այն է, որ իշխանությունը գնալով սրացնում էր պայքարը: Իշխանության ներկայացուցիչների կողմից կոորդիանացվել էր քրեական աշխարհը և հստակ որոշում կար կոնկրետ տարածքներում ստեղծել բախումնային իրավիճակ: Դա տեղի չունեցավ Վարդենիսում, Գավառում, բայց Սևանում տեղի ունեցավ: Այդ ողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը միջամտում էր: Եթե Սևանում, վստահորեն ասում եմ, չլիներ ոստիականությունը, արյուն կթափվեր: Ոստիկանության մոտ ամբողջ տեսագրությունը կա, թող իրենք էլ որոշեն՝ ով է մեղավորը»:
Երկրորդ տարածված պատճառը, որի հետևանքով Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց հացադուլի, ըստ Ռուբեն Հակոբյանի, այն է, որ ստեղծվել է իրավիճակ, երբ իշխանությունը բացահայտ գիտի, որ կեղծվել են ընտրությունները, դրա հիմքում էլ կան փաստեր, բայց իշխանությունը թույլ չի տալիս ապացուցել դրանք: «Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն է կազմակերպել ընտրությունները: Սա անկեղծ, պարզ, ազնիվ խոստովանություն էր»,- նշեց նա:
Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ իրենք բազմիցս ասել են, որ սա «ընդդեմ»-ի պայքարը չէ ու համոզմունք հայտնեց, որ բարևի հեղափոխությունը կունենա հաղթանակ: Նրա խոսքով՝ «նորություն չէ, որ ընդդիմությունը հաղթել է ընտրություներում, նորություն կլինի այն, որ ընդդիմության դեֆակտո հաղթանակը, դառնա դեյուրե»: