Վատիկանում պատրաստ են Հռոմի պապի ընտրությանը
BBC-ի փոխանցմամբ՝ կաթոլիկ եկեղեցու կարդինալները Վատիկանում պատրաստվում են նոր պապի ընտրություններին: Նշվում է, որ հավակնորդների թվում դեռ չկա ընդգծված առաջատար:
Նախ կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալները կմատուցեն հատուկ պատարագ, ապա կհավաքվեն Սիքստինյան մատուռում, ուր և երեկոյան տեղի կունենա առաջին քվեարկությունը:
Երեկ կարդինալները Վատիկանում անցկացրել են ամփոփիչ խորհրդաժողով՝ նոր պապ ընտրելու նախօրեին: 10-րդ կոնգրեգացիայի (Հռոմի պապին կից վարչական մարմին) ժամանակ, այսինքն նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպումներում, ելույթ է ունեցել մոտ 160 կարդինալ, որոնք քննարկել են, թե ինչ են ակնկալում Հռոմի նոր պապից:
Հռոմի նոր պապը պետք է կարողանա հավաքել կարդինալների քվեների առնվազն 2/3-ը՝ գումարած 1 քվե: Եթե դա տեղի է ունենում, ապա Սիքստինյան մատուռից բարձրանում է սպիտակ ծուխ, հակառակ դեպքում՝ սև ծուխ:
Բումեյքերներն ամենահավանական թեկնածու են համարում սևամորթ կարդինալ Փիթեր Թերքսոնին, ով ներկայացնում է Գանան և 2009 թվականից գլխավորում է Արդարության ու խաղաղության պապական խորհուրդը: Նրա հիմնական մրցակիցներն են իտալացի արքեպիսկոպոս Անջելո Սկոլան, իտալացի կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, կանադացի կարդինալ Մարկ Ուելլեն և Նիգերիան ներկայացնող կարդինալ Ֆրենսիս Արինզեն:
Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն իր կամավոր հեռանալու մտադրության մասին բարձրաձայնել էր այս տարվա փետրվարի 11-ին, իսկ փետրվարի 28-ին նա լքեց Վատիկանը: Վերջին անգամ նման բան գրանցվել էր 1415 թվականին, ինչը կապված է եղել կաթոլիկ եկեղեցու ներքին պառակտման հետ: