
Մուբարաքը եգիպտացիներին կոչ է արել համախմբվել Մուրսիի շուրջ

France 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ, ցմահ ազատազրկում կրող 84-ամյա Հոսնի Մուբարաքը վստահություն է հայտնել, որ երկրի քաղաքացիների կողմից ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ է համախմբվել գործող նախագահ Մուհամեդ Մուրսիի շուրջ:
Իշխանությունից հեռացված նախագահի այս դիրքորոշումը լրագրողներին է փոխանցել նրա փաստաբան Ֆարիդ ադ-Դիբը. «Մուբարաքը տխուր է և շատ ծանր է տանում ստեղծված իրավիճակը: Մուրսին ընտրված նախագահ է, և ժողովուրդը պետք է համախմբվի նրա շուրջ»:
Նշվում է, որ Մուբարաքի նկատմամբ պատրաստվում է դատական նոր գործընթաց, որում մեղադրող կողմը վերստին փորձելու է ապացուցել, որ հենց Մուբարաքն է, օգտվելով գերագույն հրամանատարի իր լիազորություններից, հրաման տվել 2011 թվականի փետրվարին կրակել ցուցարարների վրա:
Մուբարաքը դարձել է «Արաբական գարնան» արդյունքում իշխանությունից հեռացված երկրորդ առաջնորդը: Իրավապաշտպանների հաշվարկներով՝ Եգիպտոսում գրանցված բախումների հետևանքով զոհվել է մոտ 850 մարդ: