
Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է մոտ 1.5 միլիարդ դոլար

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Բնական աղետների ու արտակարգ իրավիճակների վերահսկման վարչության (AFAD) ղեկավար Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Թուրքիան սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր՝ սիրիացի փախստականների վրա ծախսել է մոտ 1.5 միլիարդ դոլար՝ ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան:
Ֆուաթն այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ Անկարայում ունեցած հանդիպման ժամանակ: Օքթայը մանրամասնել է, որ ծախսված գումարի մի մասը կազմել է 750 միլիոն լիրան: Գուտերեշն իր հերթին մտադիր է Թուրքիայի իշխանությունների հետ քննարկել այդ երկրում գտնվող սիրիացի փախստականների հարցը:
Ներկայումս նրանց քանակը կազմում է ավելի քան 185.000 մարդ: Սիրիական ճգնաժամի սկսվելուց հետո ընդհանուր առմամբ Թուրքիա է ժամանել ավելի քան 250.000 սիրիացի փախստական, որոնցից 73.000-ն արդեն իսկ վերադարձել են հայրենիք:
Հիշեցնենք, որ Թուրքիա այցելելուց առաջ Գուտերեշը հայտարարել էր, որ հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակն արդեն իսկ հասել է մեկ միլիոն մարդու, և եթե սիրիական ճգնաժամը չլուծվի այս տարի, ապա փախստականների այդ քանակը կարող է եռապատկվել: