Թուրքիան սահմանային անցակետի պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել է Սիրիայի հատուկ ծառայություններին

BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ փետրվարի 11-ին թուրք-սիրիական սահմանին ընկած Ջիլվեգյոզուի անցակետում գրանցված ուժգին պայթյունի հետևում կանգնած են Սիրիայի հատուկ ծառայությունները:

Հաթայ նահանգում գտնվող այդ անցակետում միկրոավտոբուսի պայթելու հետևանքով զոհվել էր 14 և վիրավորվել էր 27 մարդ: Գյուլերի խոսքերով՝ իրենք, այդ պայթյունի հետ կապված, ձերբակալել են 4 սիրիացու և 1 թուրքի, որոնցից երկուսը կատարողներ են, իսկ մեկը՝ հարձակման կազմակերպիչը:

Հիշեցնենք, որ այդ պայթյունից հետո թուրքական Yeni Şafak թերթը գրել էր, թե Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) իր հովանու տակ է վերցրել Թուրքիայում գտնվող սիրիացի ապստամբների 50 առաջնորդների՝ մահափորձերից ու առևանգումներից նրանց զերծ պահելու համար:

Սակայն այն բանից հետո, ինչ փետրվարի 11-ին ռմբային հարձակում իրականացվեց Սիրիայի հետ սահմանին գտնվող Ջիլվեգյոզուի անցակետի (Հաթայ) վրա, պաշտպանական այդ միջոցառումներն էլ ավելի են խստացվել:

Թերթի տվյալներով՝ MIT-ը ցայժմ Սիրիայի հատուկ ծառայությունների գործակալների հարձակումներից փրկել է սիրիացի ապստամբների 20 առաջնորդի: Ընդ որում, MIT-ն ապահովում է թե՛ Ստամբուլում գտնվող Սիրիայի ազգային խորհրդի առաջատար դեմքերի, թե՛ Հաթայում գտնվող սիրիացի ընդդիմադիր սպաների անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս