
Բաքվի ոստիկանությունը պատրաստ է եղել ցուցարարների դեմ կիրառել ակուստիկ թնդանոթ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ոստիկանությունը լավ պատրաստված է եղել մարտի 10-ին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիան բռնի ցրելուն: Այդ ակցիան կազմակերպվել էր որպես բողոքի նշան բանակում զինծառայողների սպանության դեմ:
Մասնավորապես, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար պատրաստ է եղել կիրառել հեռահար գործունեության ակուստիկ սարքավորում (LRAD – Long Range Acoustic Device), որը հայտնի է որպես ձայնային/ակուստիկ թնդանոթ: Այս սարքավորումը մարտի 10-ին նկատվել է առնվազն 4 վայրում՝ ներառյալ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) շտաբ-բնակարանի մոտ:
LRAD-ը մշակվել է 2000 թվականին American Technology Corporation-ի կողմից և օգտագործվում է ահաբեկիչների, ծովահենների, ռազմաշունչ ցուցարարներից պաշտպանվելու նպատակով: Մարդկանց վրա ազդելու համար օգտագործվում է 150 դեցիբել ձայնի ուժ: Համեմատության համար, ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի աղմուկը կազմում է մոտ 120 դեցիբել, իսկ 130 դեցիբելն արդեն կարող է վնասել մարդու լսողական ապարատը:
Փորձագետները վստահեցնում են, որ նմանատիպ համակարգերը կարող են ծանր վնասվածքներ պատճառել ներքին օրգաններին: Ակուստիկ թնդանոթներն օգտագործվել են 2007 թվականին Վրաստանում տեղի ունեցած հակակառավարական ակցիաների ցրման ժամանակ: Դրա հետևանքով բժիշկների օգնությանն է դիմել 508 մարդ, որոնց մոտ նկատվել են գիտակցության խաթարում, խուճապ, հիշողության կորուստ: