Ուսանողները պահանջում են բռնագանձել իրենցից վերցված գումարները
Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տուժած 2 ուսանողներն այսօր ներկայացրել են հայցադիմում՝ պահանջելով համալսարանի արդեն նախկին իրավաբան Զավեն Մարկոսյանից բռնագանձել խաբեությամբ իրենցից վերցված գումարները։ Հիշեցնենք, որ Զ.Մարկոսյանը մեղադրվում է համալսարանի ուսանողներից ուսման վարձերը զեղչված վճարելու պատրվակով՝ խաբեությամբ գումարներ վերցնելու մեջ և գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր տեղի ունեցած դատական նիստում էլ ուսանողները ներկայացրել են իրենց հայցապահանջը։ Ի դեպ ամբաստանյալ Մարկոսյանը խնդրել է իրեն ժամանակ տրամադրել հայցադիմումին գրավոր պատասխանելու համար:
Նախորդ դատական նիստում դատարանը վկաներին բերման ենթարկելու որոշում էր կայացրել և այսօր նիստը սկսվեց վկաների ցուցմունքներով: Նախ ցուցմունք տվեց վկա Լարիսա Առաքելյանը, ով վկայեց, որ գործի հանգամանքների մասին տեղեկացել է տուժողներից: Լարիսա Առաքելյանը հանդիսանում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի գործավար և ուսման վարձի զեղչման հետ կապված փաստաթղթերը ամբաստանյալը պետք է հենց նրան փոխանցեր:
Վկան դատարանին նաև հայտնեց, որ տուժողներից մեկի՝ Գևորգ Խաչատրյանի ուսման վարձի զեղչի համար նախատեսված փաստաթղթերը ամբաստանյալը իրեն է փոխանցել 2012 թ. փետրվար ամսին, իսկ Լևոն Թովմասյանի փաստաթղթերը վկան չմտաբերեց և հայտարարեց, թե չի հիշում իրավաբանը դրանք իրեն փոխանցել է, թե ոչ:
Վկայի ցուցմունքներում էական հակասություններ տեսնելով՝ մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, և ըստ այդմ պարզ դարձավ, որ նախաքննության ընթացքում նույն վկան ասել էր, որ Գևորգ Խաչատրյանի փաստաթղթերը ամբաստանյալն իրեն է փոխանցել մարտի կեսերին, իսկ Լևոն Թովմասյանի ուսման վարձի զեղչի մասին փաստաթղթերը ընդհանրապես չի ներկայացրել: Լսելով նախաքննական մարմնին տված իր ցուցմունքները՝ վկան պնդեց, որ դրանք են ճիշտ:
Հաջորդը ցուցմունք տվեց վկա Էլեոնորա Տառախչյանը, ով նշեց, որ տուժողներին անուններով չի ճանաչում և որ տուժողներից մեկի ուսման վարձի զեղչի դիմումի մասին ինքը տեղյակ է, իսկ մյուսինը՝ ոչ։ Դատարանի հարցին, թե հնարավոր է ամբաստանյալն իր հետ քննարկել է Լևոն Թովմասյանի ուսման վարձի զեղչի մասին հարցեր՝ վկան տվեց բացասական պատասխան՝ ասելով, որ կոնկրետ քննարկում չի հիշում:
Վկաների հարցաքննությունից հետո դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը, ով չընդունեց առաջադրված մեղադրանքը։ Ամբաստանյալը մասնավորապես հայտարարեց, որ տուժողներն են դիմել իրեն ուսման վարձի զեղչման համար։ Ըստ նրա՝ Լևոն Թովմասյանը հունվար ամսին՝ մինչ իր երեխայի 1 տարին լրանալը, իրեն է տվել համապատասխան փաստաթղթեր, այնուհետև օրեր անց նաև գումարը, և ինքը տուժող Թովմասյանին խոստացել է, որ անդորրագիրը կտրամադրի վարձը վճարելուց հետո:
Իսկ տուժող Գևորգ Խաչատրյանը ուսման վարձի զեղչման մասին տեղեկացել է Թովմասյանից և ևս իրեն է դիմել նույն խնդրանքով՝ վերջինիս տրամադրելով և՛ փաստաթղթերը, և՛ գումարը:
Ամբաստանյալը նշեց, որ նրանց ուսման վարձը չի վճարել ելնելով անձնական պատճառներից, քանի որ ծախսել է, սակայն նրանց խոստացել է, որ հնարավորինս շուտ կվերադարձնի:
Զ.Մարկոսյանը պնդեց, թե տեղեկացրել է տուժող Լևոն Թովմասյանին, որ «գործը չի ստացվել», բայց նաև հավաստել, թե կվերադարձնի նաև այն գումարը, որը պետք է զեղչվեր՝ 60 000 դրամը, սակայն չի վերադարձրել, քանի որ, ըստ ամբաստանյալի, ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրվել աշխատավարձի վրա։
Ամբաստանյալը նաև հավելեց, թե տուժողները գիտակցել են, որ ինքը կարող էր այդ գումարները ծախսել անձնական կարիքների համար, ինչին տուժողները հակադարձեցին ասելով, որ նա գումարը պահանջել է գործը ի մի բերելու համար և որ իրենք այդ գումարները պարտքով են վերցրել մեկ ուրիշից, միայն թե ստացվի իրենց ուսման վարձի զեղչը, և ուղղակի չէին կարող նրան տալ իր կարիքների համար ծախսելու նպատակով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին, որի ժամանակ ամբաստանյալը գրավոր կարձագանքի տուժողների ներկայացրած հայցադիմումին։