
Մինչև 2100 թվականը կհալչի Կանադական Արկտիկայի սառցադաշտերի մոտ 20 տոկոսը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադական արկտիկական արշիպելագի սառցադաշտերի մոտ 20 տոկոսը կհալչի մինչև 2100 թվականը, ինչի հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 3.5 սանտիմետրով:
Այսպիսի եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները երեկ հրապարակել են Geophysical Research Letters ամսագրում: Գիտնականներն օգտագործել են նախորդ 10 տարիներին արբանյակներից ստացված նյութերը՝ կանխատեսելու համար մինչև հարյուրամյակի ավարտ զարգացումների ընթացքը:
Գիտնականներն ընդգծել են, որ եթե Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 3 աստիճան Ցելսիուսով, ապա Կանադական Արկտիկայում դա կազմում է 8 աստիճան: Գիտնականների խոսքերով՝ Կանադայի սառցադաշտերը կիմայի գլոբալ տաքացմանն արձագանքում են նույն կերպ, ինչ որ Անտարկտիդայի ու Գրենլանդիայի սառցադաշտերը:
Նրանք կարծում են, որ մոլորակի բոլոր սառցադաշտերն ամբողջությամբ կարող են անհետանալ մի քանի դար անց, իսկ ներկայումս հիմնական ուշադրությունը բևեռված է Անտարկտիդային ու Գրենլանդիային, քանի որ հենց այնտեղ են գտնվում մայրցամաքային սառույցի ամենամեծ պաշարները:
Ավելի վաղ ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսել էին, որ այս հարյուրամյակում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 18-59 սանտիմետրով, եթե արագություն հավաքի Անտարկտիդայի ու Գրենլանդիայի սառույցի հալման գործընթացը: