«Եթե որևէ ոստիկան ձեր ճանապարհը փակի, ինձ կզանգեք». Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Գյումրիում (տեսանյութ)

«Գյումրին չի ծախվում, ծախու չէ Գյումրին, Գյումրին արդեն հաղթել է»,- Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում, որտեղ նրան դիմավորեցին հազարավոր գյումրեցիներ: «Իմ կյանքի գնով` Գյումրին իմ հայրաքաղաքն է, իմ մայրաքաղաքը»,- ասաց նա:

«Ժառանգության» ղեկավարը տեղեկացրեց, որ առավոտյան հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի Բունդեստագի նախագահի հետ և նրան ասել է. «Շատ պարզ ներկայացրի, որ այդ նույն Արևմուտքը, Գերմանիան, ով ճանաչում է Կոսովոն, պիտի ճանաչի Արցախը: Այդ նույն Գերմանիան և Եվրոպան, որի աղբյուրներից մեկն է Հայաստանի քաղաքակրթությունը, առաջին քրիստոնյա ազգը, պիտի ճանաչի մեր Ցեղասպանությունը և մեծ հայրենազրկումը… շատ հստակ ասվեց Ջավախքի իրավունքի մասին: Բայց ամենակարևորը, ես ճանաչել եմ և բարևել եմ, ինչպես ձեզ եմ բարևում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Գերմանիայի վարչապետը, ԱՄՆ-ի նախագահ Օբաման, Ֆրանսիայի նախագահ Օլանդը, Եվրամիության նախագահ Բարոզուն, Ռուսաստանի նախագահ Պուտինը պիտի ճանաչեն հայ ժողովրդի իրավունքը, ընտրությունը, Սահմանադրությունը, պիտի հետ վերցնեն իրենց նամակները, որովհետև Ցեղասպանությունից առաջ, Արցախի ճանաչման զուգահեռ` ամենակարևորը հայ մարդու ընտրությունն է, որ փետրվարի 18-ին մենք տվեցինք… Մենք հաղթանակ ենք տվել, ճանաչե՛ք մեր հաղթանակը»: Շարունակելով` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ուզում է, որպեսզի գյումրեցիները հետ գան արտագնա աշխատանքից, և շրջվելով դեպի իր կողքին գտնվող երգահան Ռուբեն Հախվերդյանը` հարցրեց. «դրա ռուսերենը ո՞նց է»: «Խոպան»,- պատասխանեց Հախվերդյանը: «Ուզում եմ խոպանից հետ բերել մեր ժողովրդին»,- ասաց նա:

Հովհաննիսյանը գյումրեցիներին տեղեկացրեց, որ վաղը` մարտի 8-ին, ինչպես նաև մարտի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի են ունենալու հանրահավաքներ, սակայն հետաքրքիր է, որ ընդդիմադիր առաջնորդը կոչ չարեց Գյումրիի քաղաքացիներին՝ գալ Ազատության հրապարակ` նշելով, որ դրա կարիքը չկա: «Պետք չունեք գալու, բայց եթե որևէ ոստիկան ձեր ճանապարհը փակի, ինձ կզանգեք, որովհետև ով փակեց ձեր ճանապարհը, ինքը պատասխան պիտի տա և պիտի բանտում նստի»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: Ի դեպ, նշենք, որ այսօր բոլոր երեք քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանների միջև տեղի ունեցան միջադեպեր. նախ՝ Թալինում Ր.Հովհաննիսյանը նկատեց, որ ոստիկանները տեսագրում են հանրահավաքի մասնակիցներին, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանները հետևում են հավաքին հեռու տարածությունից, Հովհաննիսյանը մոտեցավ կոչումով ավագ ոստիկանին և բռնելով նրա ձեռքը` հորդորեց ծառայությունն իրականացնել բացեիբաց, առանց վախենալու, այլ ոչ թե թաքուն, իսկ երբ հարցրեց նրա անունը, այլայլված և շփոթված ոստիկանը երկար ժամանակ չէր կարողանում որևէ բառ արտասանել: Նույն պատկերն էր նաև Արթիկում, որտեղ հավաքի մասնակիցներն ավելի շատ էին. Հովհաննիսյանը, նկատելով Ճանապարհային ոստիկանության մեքենան, որից ճանապարհային ոստիկանները հայտարարում են, թե հավաքի մասնակիցները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել, և այս լսելով, վրդովված մոտեցավ մեքենային և դուրս հրավիրեց ոստիկանին` ասելով, որ, եթե անօրինական են համարում իր գործողությունները, կարող են իրեն ձերբակալել, իսկ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց զանգահարել անմիջապես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կամ, ինչպես ինքն ասաց, «զորավարին», ոստիկանները հեռացան: Նույնը կրկնվեց նաև Գյումրիում, երբ Ռուբեն Հախվերդյանի ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին շտապեց դեպի ոստիկանները, իսկ նրա ետևից գնացին նաև հարյուրավոր գյումրեցիներ` որպես բողոքի նշան բարձրացնելով մեծ աղմուկ: Իսկ մինչ այդ` Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից հայտարարեց. «Եթե ոստիկանը մեքենայից որևէ բան ասի, դուք, առանց բորբոքվելու, ես կմոտենամ մեր հպարտության աղբյուր ոստիկանին և կասեմ, որ իր արածն անիրավ հրամանի իրացում է»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս