Շվեդիայում նոր թվային կրպակ են հնարել, որը տպագրում է ամսագրերը տեղում (տեսանյութ)

Շվեդ լրագրող և հեռուստահաղորդավար Լարս Ադակտուսոնը և նրա ֆինանսիստ եղբայրը հնարել են Meganews տպագրական կրպակը, որը տպագրում է ամսագրերը  տեղում՝ հաճախորդների խնդրանքի հիման վրա. գրում է newsru.com-ը:

Նախագծի նպատակներից մեկն է՝ օգնել «աղքատ» ամսագրերին, որոնք, որպես կանոն, մեծ բյուջե չունեն՝ ավելի շատ թվով ամսագրեր տպագրելու և տարածելու համար:

Բոլորին է հայտնի, որ ներկայում թերթերի և ամսագրերի տպագիր, թղթե տարբերակներն ասես ճնշումների են ենթարկվում ինտերնետ-ռեսուրսների կողմից, որոնք մշտապես թարմացված նորություններ և մի շարք վերլուծական հոդվածներ են առաջարկում: Բացի այդ, ներկայում տպագրվող մամուլի կեսը երբեմն այդպես էլ չի վաճառվում:

Թվային տպագրական կրպակի շնորհիվ՝ հրատարակիչները հնարավորություն կունենան նվազագույն արժեքով հասանելի լինել ընթերցողին: Նմանատիպ սարքավորումը, ինչպես ենթադրում են փորձագետները, հնարավորություն կտա հավասարեցնել առաջարկը և պահանջարկը, խնայել հրատարակչությունների փողերը, նաև նպաստել շրջակա միջավայրի բարելավմանը:

Որպեսզի Meganews կրպակից ստանաք անհրաժեշտ ամսագիրը, անհրաժեշտ է ընտրել այն սենսորային էկրանին և վճարել դրա համար կրեդիտ քարտով: Դրանից հետո կրպակը կապ կհաստատի սերվերի հետ, որտեղ պահվում են հրապարակումների PDF տարբերակները, և կտպագրի համարը բարձր որակով:

Ըստ աղբյուրի՝ ոչ պրոֆեսիոնալը չի կարող տարբերակել ամսագիրը, որը հրատարակվել է սովորական տպարանում, Meganews-ում տպագրվածից: Բացի այդ, նոր կրպակի ծավալները կազմում են ընդամենը մի քանի քառակուսի մետր տարածք, և այն հնավորություն ունի անսահմանափակ թվով ամսագրեր հրատարակել:

Առայժմ Meganews-ը գոյություն ունի միայն որպես նախագծի դիզայն, բայց այն նախագծողներն արդեն իսկ պայմանագրեր են ստորագրել խոշոր շվեդական հրատարակչությունների հետ:

Նոր տիպի կրպակի փորձնական գործարկումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում: Նման կրպակներ կհայտնվեն ոչ միայն փողոցներում, այլև հյուրանոցներում, օդանավակայանի տարածքում, համալսարանական միջավայրերում և այլուր:

Նմանատիպ տպագրության հնարավորությունն առկա է ամենամեծ ինտերնետ-խանութում՝ «Amazon»-ում, որը զբաղվում է գրքերի վաճառքով: Սակայն տպագիր պարբերականների, հատկապես՝ փողոցային կրպակի ձևաչափով գործող տեխնոլոգիան կիրառվում է առաջին անգամ:

Տեսանյութեր

Լրահոս