Հայաստանում կանցկացվի «Ուղեղի ճանաչման շաբաթ»
Հայաստանում մարտի 11-18-ը կանցկացվի «Ուղեղի ճանաչման շաբաթ» (Brain Awareness Week): «Ուղեղի ճանաչման շաբաթը» գլոբալ արշավ է, որը հասարակությանը մատչելի ձևով ներկայացնում է ուղեղի հիվանդությունների, դրանց բուժման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին տեղեկատվություն՝ տարբեր միջոցառումների, գիտահանրամատչելի սեմինարների, մրցույթների, թատերական ներկայացումների միջոցով:
Ամբողջ աշխարհում ավելի քան 100 երկրներում նման միջոցառումներ են անցկացվում: Հայաստանում «Ուղեղի ճանաչման շաբաթ» առաջին անգամ անցկացվել է 2011թ. մարտի 14-20-ը: Այն նախաձեռնել էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» հ/կ-ն՝ «Դանա» հիմնադրամի աջակցությամբ:
Այս անգամ մեր երկրում «Ուղեղի ճանաչման շաբաթը» տեղի կունենա մարտի 11-18-ը։ Թե ինչ միջոցառումներ են սպասվում այդ ընթացքում, 168.am-ը փորձել է պարզել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» հ/կ-ի նախագահ Արսեն Գասպարյանից: Նրա խոսքով՝ իրենց ասոցիացիան Եվրոպական նյարդաբանական ասոցիացիաների միության հետ համատեղ արշավ է իրականացնելու Հայաստանում: Արդեն իսկ սկսել են տեղեկատվական կրթական պաստառներ փակցնել Երևանում և տարբեր մարզերում, որտեղ նշվում է ուղեղի հետ կապված տարբեր հետաքրքրաշարժ փաստերի մասին:
«Բացի այդ, մարտի 11-8-ն ընկած ժամանակահատվածում մեր երիտասարդ կենսաբանները սեմինարներ են անցկացնելու 10 դպրոցներում, որոնցից 5-ը՝ Երևանում, և 5-ը՝ մարզերում: Այդ ընթացքում կներկայացվեն Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններին նվիրված զեկույցներ»,- ասաց Ա. Գասպարյանը: Ըստ նրա՝ այդ ամենը նպատակ ունի դպրոցականներին և ընդհանրապես հասարակությանը մատչելի դարձնել ուղեղի հետ կապված՝ իրականացված հետազոտությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ուղեղի նասին հետաքրքրաշարժ տեղեկատվություն մատուցել:
Սեմինարների ավարտին աշակերտները պատասխանելու են հարցաշարի, և ըստ արդյունքների՝ ընտրվելու է լավագույն արդյունքն ունեցող լավագույն դպրոցը:
«Այսօր մենք կարող ենք տեսնել, որ գիտությունը հանրությանը մատուցելու առումով մենք կաղում ենք, ու հենց այս խնդրի լուծմանն է առաջին հերթին ուղղված մեր աշխատանքը»,- ասաց Ա. Գասպարյանը՝ նշելով, որ իրենք փորձում են նմանատիպ միջոցառումները շատացնել, որոնք ուղղված են գիտական ձեռքբերումների վերաբերյալ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Նա նշեց, որ այդ ամենը կապված է նաև ֆինանսների հետ:
Ա. Գասպարյանը խոսքով՝ հետագայում, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց իրականացրած հետազոտությունները ներկայացնել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան» հ/կ-ի միջոցով, ապա իրենք բաց են և պատրաստ են համագործակցության համար: