«Բարի լույս, Թալին, իմա՞լ իք». Րաֆֆի Հովհաննիսյանը` թալինցիներին

Այսօր ընդդիմադիր շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մարզային այցերի շրջանակներում առաջինը եղավ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:

«Բարի լույս, Թալին, իմա՞լ իք»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` Թալինի կենտրոնական հրապարակում հավաքված ժողովրդին: Այստեղ նա հիշեց, որ մի քանի տարի առաջ այդ ընտրատարածքում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու ր ընդամենը մոտ 1000 ձայն էր ստացել, սակայն այս անգամ, որպես արդեն նախագահի թեկնածու, ստացավ թալինցիների 41 տոկոսի աջակցությունը: «Վախեցրին, փող բաժանեցին, պետական միջոցներն օգտագործեցին` ժողովրդին սպառնալու համար, և սա վերջին անգամն է, Թալինն այլևս այս վիճակը չի տեսնելու, Թալինը, Արագածոտնը ՀՀ-ում ապրիլի 9-ից հետո ունենալու է նոր նախագահ և նոր մարզպետ»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը: Ի դեպ, նա ավելի հանգամանորեն անդրադարձավ Արագածոտնի մարզպետին` նախ քաղաքացիներից հարցնելով նրա անունը:

Նա նշեց, որ հարգանք ունի մարզպետի նկատմամբ, թեև չի ճանաչում նրան, բայց նա պետք է հրաժարական տա: «Միայն պարոն Լիսկան չէ, իր ազգանունն ի՞նչ է»,- հարցրեց Հովհաննիսյանը: «Սահակյան»,- պատասխանեցին թալինցիները: «Հարգելի պարոն Սահակյան, հրաժարական տվեք, դուք չեք ներկայացնում Թալինի և Արագածոտնի ժողովուրդը: Եթե Լիսկան պիտի կանգնի դատարանի առաջ, դուք որոշեք, որ պարոն Լիսկայի օրինակին պիտի հետևեք, պարոն Սահակյան»,- ասաց նա` հարցնելով. «մականուն ունի՞ պարոն Սահակյանը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս