«Մեր» ընտրություններին» հաջորդելիք հետոն՝ ըստ Ա.Մելիքյանի
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևի արդեն ժամանակն է նորից անդրադառնալ այն կանխատեսումներին, որ արել էի դեռ փետրվարի տասին իմ այս էջում զետեղված «Մեր» ընտրություններին» հաջորդելիք հետոն…» հոդվածում: Ելնելով հետընտրական գործընթացների ընդհանուր ուղղվածությունից և տրամաբանությունից կարելի է գալ այն եզրակացությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սահմանադրական Դատարան իրավական հեռանկար չպարունակող դիմում ներկայացնելով մի կողմից գործը տանելու է ընտրությունների կեղծումից բարձրացած զանգվածային բողոքի ալիքն աստիճանաբար մարելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից` լավագույն դեպքում սերտաճելու աստիճան կսերտացնի հարաբերությունները Դաշնակցության հետ կամ էլ, ակնհայտորեն կորցնելով այսօր իրեն հավատացած մարդկանց վստահությունն ու համակրանքը, կանցնի քաղաքական կենդանի դիակների շարքը, ինչն, անշուշտ, ցանկալի չէ: Ինչևէ, ստորև կարող եք վերընթերցել հիշատակված հոդվածը:
ՄԵՐ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ՀԱՋՈՐԴԵԼԻՔ ՀԵՏՈՆ…
Երևի թե շատերի համար հասկանալի ու տեսանելի չեղավ այն, ինչն իրականում կատարվեց վերջին մեկ տարվա ընթացքում: Քաղաքական սակարկությունների, կամակորությունների ու ստերի ետևում դժվար է նշմարել այն իրապես լուրջ և մեր երկրի ապագայի համար աննախադեպ կարևորություն ունեցող շարժը, որը, թեև, դեռ չի հանգեցրել նախանշված արդյունքին, սակայն արդեն որոշակի անշրջելիություն է ձեռք բերել: Հայաստանում ուղղորդված կերպով ձևավորվում է մի նոր քաղաքական իրողություն, որի հիմնական բնութագրիչը կառավարող վերնախավի կողմից կառուցվածքային տեսանկյունից տեսականորեն գործունակ իշխանական բուրգի ձևաչափի հաստատումն է: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին նախորդած և հաջորդած մի քանի ամիսների ընթացքում իշխանական թևի քաղաքականությունը մշակող և իրականացնող անհատներին ու կառույցներին հաջողվեց մասնատել և վերջնականապես չեզոքացնել ՀԱԿ-ը` որպես իշխանական բուրգի նախանշված ձևաչափով կայացմանը խանգարող հիմնական խոչընդոտ: ՀԱԿ-ի խորհրդարանում հայտնված յոթ հոգանոց խմբակցությունն իր խառնիճաղանջ կազմի և գաղափարական միասնականությունն ապահովող մոտեցումների բացակայության պատճառով ոչ այժմ, ոչ էլ տեսանելի ապագայում ընդունակ չի լինելու էապես ներազդել մեր ներքաղաքական իրողությունների վրա: Պարոն Տեր-Պետրոսյանի կողմից «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հիմնելու նախաձեռնությունը, թերևս, կհանգեցնի նոր ճգնաժամի այդ թևում, քանի որ պատճառ կդառնա առաջիկայում հենց խորհրդարանական խմբակցության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար կատաղի պայքարի` ներկայիս ՀԱԿ-ում մնացած և «ՀԱԿ» նորաստեղծ կուսակցության մեջ մտած գործիչների և ուժերի միջև: Այս պայքարը կարող է նաև կաթվածահար անել խմբակցության գործունեությունը, ինչը թեև բնական կդիտվի, սակայն էապես կնվազեցնի խմբակցության կազմում հայտնված գործիչների և նրանց կողմից ներկայացվող խմբավորումների վարկն ու ներուժը: Կարծում եմ, որ ծրագրված սցենարի համաձայն ՀՀ քաղաքական և իշխանական համակարգում հիմնական դերակատարումը վերապահված է լինելու ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և Դաշնակցությանը: Հենց այդ քաղաքական ուժերն են այսօր տիրապետում իշխանական ու տնտեսական լծակների և, այդ առումով, երևի թե առաջին անգամն է, որ Հայաստանի խորհրդարանում ուժերի դասավորվածությունը առավել բարենպաստն է արդյունավետ ներքին և արտաքին քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից: Խորհրդարանական ուժերի այսօրվա համամասնությունը հնարավորություն է տալու իշխող Հանրապետական կուսակցությանը հենվել «ընդդիմադիր» ճամբար ձևավորած ԲՀԿ-ի և Դաշնակցության վրա ներքին և արտաքին քաղաքականության առավել կարևոր ու վտանգահարույց խնդիրները լուծելիս, իսկ այդպիսի համագործակցության իրական և ամուր հիմքը կլինի տնտեսական ոլորտում նշված քաղաքական ուժերի և դրանց առանձին անդամների տնտեսական շահերի ընդհանրությունն ու անձեռնմխելիությունը: Այս կուսակցական եռամիասնության մեջ առանձնահատուկ է լինելու մշտական «պաշտոնական» ընդդիմության կարգավիճակով սահմանափակված Դաշնակցության դերը` եթե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, գործերի հանդարտ ընթացքի դեպքում, կարող են միմյանց փոխարինել իշխանության ղեկի մոտ, ապա Դաշնակցությունը, որը ոչ միայն համահայաստանյան, այլև աշխարհի մասշտաբով համահայկական կառույց է, ունենալով շատ որոշակի ներիշխանական գործառույթներ և լծակներ, դժվար թե առաջիկա տասնհինգ տարիների ընթացքում երկրում գլխավոր քաղաքական դերակատարը դառնալու հեռանկար ունենա (վերը նկարագրված ծրագրի իրականացման տրամաբանությունից ելնելով ինձ համար հասկանալի է, երբ Դաշնակցության երևելիներից մեկը հայտարարելով, որ իր կուսակցությունը չի սատարելու Սերժ Սարգսյանին, կոչ է անում համակիրներին մասնակցել քվեարկությանը և փչացնել քվեաթերթիկը` այն անվավեր դարձնելով: Դաշնակցության պարագայում այսպիսի կոչն արդարացված է, քանի որ կեղծվելիք ընտրությունների պարագայում էականը քաղաքացու իրական մասնակցությունն է և ոչ թե նրա ընտրությունը: Դրան հակառակ հասկանալի չէ, երբ նույն ձևով կոչ է անում վարվել Լևոն Զուրաբյանը, չէ որ որքան շատ մարդ մասնակցի «ընտրությանը», այնքան ավելի հեշտ է կեղծել երկրից հեռացած ավելի քան մեկ միլիոն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայներն օգտագործելու միջոցով: Դե ինչևէ: Բոլոր դեպքերում մինչև քվեարկության օրը և քաղաքացիներին, և ինքնուրույն դիմագիծն ու բանականությունը պահպանած քաղաքական ուժերին կառաջարկվի գործողությունների իրավիճակին համարժեք տարբերակ):
Մեր ներքաղաքական զարգացումների այսօրինակ ընթացքը հանգիստ հնարավոր կլիներ միանշանակորեն դրական գնահատել, եթե, մի կողմից հիմնավոր մտահոգություններ չհարուցեին նշված ուժերի որոշում կայացնող ղեկավար կազմի անհատական և մասնագիտական որակները և ունակությունները, իսկ մյուս կողմից դրանք չպարունակեին նաև համակարգային պոտենցիալ վտանգներ, որոնք շատ կարճ ժամանակի ընթացքում կարող են լրջագույն մարտահրավերները ստեղծել երկրի անվտանգության և նրա բնականոն զարգացման տեսանկյունից: Այդ վտանգներից առավել կարևորը ՀՀ քաղաքացու օտարումն է երկրի իշխանությունը ձևավորելու իրական հնարավորությունից, ինչը շատ խորը և անհաղթահարելի վիհ է առաջացնում երկրի կառավարումն իրականացնող խմբավորումների և երկրի քաղաքացիների միջև` վերջիններիս կողմից իշխանությունն ընկալվում է որպես օտար ու թշնամական մի ուժ, որը բռնանում է քաղաքացիների կամքի վրա, իսկ այլախոհներին ու անհնազանդներին տարաբնույթ հետապնդումների ու պատիժների ենթարկում, պայմաններ ստեղծում նրանց շարունակական արտագաղթի համար: Շարքային քաղաքացիների իշխանության հանդեպ այսօրինակ վերաբերմունքը նաև այն հիմնավորումն ունի, որ տասնհինգ տարի առաջ իշխանության եկած արցախյան սուբէթնիկ խմբավորումը ընդունակ չգտնվեց իրականացնել ներազգային համախմբման գործընթաց: 1998թ. փետրվարի սկզբին տեղի ունեցած Նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո արցախյան թևի ռազմաքաղաքական և ինտելեկտուալ վերնախավը չէր կարող թույլ տալ, որ Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավունքը ստանար այդ խմբավորման մեջ չմտնող որևէ քաղաքական գործիչ և կարծում եմ, որ այդ մոտեցումը կիսողներ են եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս: Թերևս սա է եղել պատճառը, որ ապօրինաբար, նախ` իրավաչափ է ճանաչվել Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը որպես ՀՀ նախագահի թեկնածու, իսկ այնուհետ` ամենաբիրտ և անթաքույց ճնշումների ու կեղծիքների միջոցով ապահովվել է նրա «հաղթանակն» ընտրություններում ու դա արվել է հատկապես հետագայում նահատակված Վազգեն Սարգսյանի ջանքերով: Կա էական տարբերություն 1996թ. և 1998թ. նախագահական ընտրությունների կեղծման դրդապատճառների միջև` 1996թ. ընտրությունները պարզապես կեղծվում էին հօգուտ գործող Նախագահի և զուրկ էին կեղծումն արդարացնող գաղափարական լրացուցիչ հիմնավորումներից: Դրան հակառակ 1998թ. սկսած ընտրակեղծարարությունը ստացավ նաև գաղափարաբանական մի հիմնավորում, որը նախ սկսեց շրջանառվել կեղծիքներն իրականացնողների գործողություններին` իրենց իսկ շրջանում արդարացում տալու համար, իսկ վերջերս էլ ասպարեզ նետվեց ի գիտություն ողջ հանրությանը: Կեղծարարությունն արդարացվում է նրանով, որ քաղաքականությունից ոչինչ չհասկացող քաղաքացիների մեկուկես միլիոնանոց զանգվածը ի զորու չէ համարժեք և գործունակ իշխանություն ձևավորել, ուստի ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը ձևավորվի քաղաքացիների ազատ կամաարտահայտման ճանապարհով: Նույն տրամաբանության շրջանակներում ասվում է, որ իշխանություն ձևավորելու ժողովրդավարական մեթոդներն իրենց սպառել են, ուստի Հայաստանի պարագայում ուղղակի հակացուցված են: Այսօրինակ հիմնավորումները արդարացնելով շատ կոնկրետ քաղաքական խմբավորման կողմից ընտրակեղծարարության կիրառման միջոցով իշխանության բռնազավթմանն ուղղված գործողությունները նաև հաստատում են այն աղաղակող անհամապատասխանությունը, որն առկա է երկրի քաղաքացիների կողմից իշխանությունը ընտրությամբ ձևավորելու պետության կողմից հռչակված սկզբունքների և դե-ֆակտո իշխանությունների կողմից որդեգրված քաղաքական գործելակերպի միջև: Սրա արդյունքն է իշխանությունների հանդեպ քաղաքացիների ունեցած անհաղթահարելի անվստահության զգացումն ու երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զրոյացումը և «Էս երկիրը երկիր չի ու չի դառնա» քաղքենիական եզրահանգումը: Սա լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար, քանի որ իշխանության և քաղաքացիների միջև փոխվստահության բացակայությունը էապես նվազեցնում է պետության դիմադրողականությունը դրսից եկող ցանկացած վտանգի նկատմամբ, խոցելի դարձնում այն: Թեև ինքս հասկանում և մասամբ կիսում եմ այն մտավախությունները, որ ուներ և ունի արցախյան սուբէթնիկ խմբավորման քաղաքական և ինտելեկտուալ վերնախավը, սակայն այսօրվա հրամայական պահանջն է կանխել իշխանություն-քաղաքացի հարաբերությունների մակարդակում առկա փոխադարձ արհամարհանքի ու մերժման հետագա խորացումը` քաղաքացին պետք է ետ ստանա իրենից մինչ այժմ խլված իշխանության ձևավորմանն անմիջականորեն մասնակցելու իրավունքը և դա հնարավոր է դեռ անել հենց այս ընտրական փուլում: Իշխանության կողմից գուրգուրված թեկնածուների մասնակցությամբ հերթական կեղծված «ընտրությունների» «հաջողությունն» ապահովելը կնշանակի մեր քաղաքական համակարգի կատարյալ տապալում, անկախ նրանից թե դրան ինչ արդարացում կտրվի:
Քաղաքացիների վստահությունից և աջակցությունից զուրկ իշխանական համակարգ է ձևավորվել այսօր նաև Ռուսաստանում ու այն, ինչ կատարվում է մեզ մոտ, գաղափարական առումով հարում է ռուսական տարբերակին: Իշխանություն-քաղաքացի կապի բացակայությամբ բնորոշվող այսպիսի համակարգերի թուլությունն իրեն ցույց տվեց Իրաքում, Եգիպտոսում, Թունիսում ու Եմենում: Մի քանի տարի հետո մեզ մոտ կարող է կատարվել նույնը և աններելի կլինի, եթե մենք այսօր ունենալով դրա համար բոլոր հիմնավոր նախադրյալները չկանխենք ահագնացող վտանգը»: