Բաժիններ՝

Օմբուդսմենը Հրայր Թովմասյանին համարում է անփորձ ղեկավար և կեղծ բարեփոխիչ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր անդրադարձել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի այն մասին, որը վերաբերում է արդարադատության համակարգին: Հիշեցնենք, որ զեկույցն ամբողջական տեսքով շուտով ուղարկվելու է Ազգային ժողով, որտեղ, ըստ օրենքի,  լիագումար նիստում պետք է ներկայացվի և քննարկվի այն:

«Զեկույցի նույնիսկ սեղմագրի հրապարակայնացումն արդեն իսկ առաջացրել է որոշ պետական պաշտոնյաների ոչ ողջամիտ անհանգստությունը: Սա ցավալի է, բայց նաև մարդկայնորեն հասկանալի: Ցավոք, դեռ կան անփորձ ղեկավարներ, ում մոլորեցնում են սեփական երիտասարդ կադրերը, իսկ իրենք էլ իրենց հերթին՝ ունենում են ոչ ամբողջական պատկեր սեփական ոլորտի մասին: Սա անհանգստացնող է մանավանդ, երբ ղեկավարը փորձում է ինքն իրեն, հանրությանը, իր ղեկավարին ներկայանալ՝ որպես ոլորտի կատարյալ բարեփոխիչ: Բարեփոխումներ կան, բայց հեռու են կատարյալ լինելուց: Պետք չէ լինել Օմբուդսմեն, որպեսզի հասկանալ, թե ինչ խայտառակ վիճակում է դատական ոլորտը, որպեսզի ակնհայտ լինի, որ դեռ կա կոռուպցիա և ապօրինություն ԴԱՀԿ ծառայությունում, նոտարիատում և կալանավայրերում»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունում՝ վերնագրված՝ «Արդարադատության նախարարը կրկին հիասթափեցնում է իր ոլորտում»:

«Ներկայացնում ենք նաև մի քանի փաստական հակադարձումներ Արդարադատության նախարարության մոլորեցնող և անհիմն արդարացումներին:

1. Առնվազն տարօրինակ է ԴԱՀԿ-ի այն պնդումը, որ իրենց գործունեության վերաբերյալ մեր կողմից ներկայացված խնդիրները չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ 2012 թվականին միայն Արդարադատության նախարարության տվյալներով գրանցվել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց վերապահված լիազորությունների ոչ պատշաճ կատարման 9 դեպք: Մինչդեռ ԴԱՀԿ-ն պնդում է առհասարակ նման դեպքերի բացակայության մասին:

2. Անդրադառնալով ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպչական հարցերին` Նախարարությունը պնդում է, որ վերջինիս գործունեության կազմակերպումն անմիջականորեն ներառված է համայնքի ղեկավարի պարտականությունների մեջ, իսկ ինքը` Նախարարությունը, իրականացնում է միայն մասնագիտական հսկողություն: Այնինչ, ՔԿԱԳ գործակալություններում անընդմեջ գոյացող հերթերի և կուտակումների, ինչպես նաև մի շարք դեպքերում ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր պահանջելը ինքնին վկայում են այդ մարմինների աշխատակիցների մասնագիտական ցածր պատրաստվածության մասին: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ ՀՀ Արդարադատության նախարարության կանոնադրության 7-րդ կետի համաձայն` Նախարարության գործառույթները չեն սահմանափակվում միայն ՔԿԱԳ մարմինների գործունեության մասնագիտական հսկողությամբ, այլ նաև ներառում են`

 

 

ե)   Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության ապահովումը.

ժ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության oրինականության նկատմամբ վերահuկողության ապահովումը,

ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման քաղաքականության, մեթոդոլոգիայի, հրահանգների մշակում և հաuտատում:

 

3. 2011թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության թիվ 733 որոշմամբ չեն սահմանվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների հստակ և կոնկրետ սակագներ: Այսպես, օրինակ, նշված որոշման Հավելվածի 1-ին մասին 2-րդ կետի համաձայն` այլ անշարժ գույքի դեպքում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար գանձվում է վճար 10-15-ապատիկի չափով: Մեր արագ արձագանքման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում կրկին անգամ հաստատվել է այս խնդրի առկայությունը, նույնիսկ գրանցվել են դեպքեր, երբ ծառայությունների համար սահմանված գնացուցակը փակցված է եղել նոտարի առանձնասենյակում: Ավելին, նույն այդ գնացուցակների վրա փակցված սակագները կրկին անգամ նախատեսում են նոտարների համար հայեցողության հնարավորություն: Շրջայցերի արդյունքում գրանցվել են նաև կուտակումների դեպքեր: Ուստի, ցավով պետք է արձանագրենք, որ դեռևս նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափի որոշումը շարունակում է մնալ նոտարների հայեցողությանը:

 

4. Արդարադատության նախարարը բազմիցս հրապարակային գնահատականներով անդրադարձել է դատական իշխանությանը: ՀՀ Արդարադատության նախարարության Կանոնադրության համաձայն՝ վերջինիս խնդիրներից է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու oրենքով նախատեuված լիազորության իրականացման ապահովումը, ինչն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածում, համաձայն որի՝ արդարադատության նախարարն իրավունք ունի հարուցելու կարգապահական վարույթ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ: Հարկ ենք համարում նշել, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, ծրագրից բխող միջոցառումների ցանկը և ծրագրի աշխատանքային խմբի կազմը հաստատելու մասին» կարգադրությամբ, որի նպատակն է դատական իշխանության առջև ծառացած խնդիրների լուծումը, հիմնական պատասխանատու է նախատեսվել հենց ՀՀ Արդարադատության նախարարությունը: Միաժամանակ Նախարարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ` ոլորտում օրենսդրական նորամուծություններ կատարելու և վերհանված խնդիրները շտկելու նպատակով: Ուստի վերջինս պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն՝ ոլորտում նոր մեխանիզմներ ներդնելու և չլուծված խնդիրներ վերհանելու նպատակով, ինչը վկայում է ՀՀ Արդարադատության նախարարության և մեր կողմից արձանագրված դատական իշխանության խնդիրների անմիջական կապի մասին»,- նշված է Օմբուդսմենի հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս