ՀԱԿ համագումարը կհետաձգվի

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, որը պետք է տեղի ունենար մարտի 22-ին, ամենայն հավանականակությամբ, կհետաձգվի: Այս մասին 168.am-ին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար,  ՀԱԿ վերանվանված նախկին ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը:

«Ոնց որ թե չենք հասցնում մարտի 22-ին, այդ դեպքում հավանական է դառնում մարտի 30-ը» ,-ասաց Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ խնդիրը վերանվանման հետ է կապված: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ, 18-րդ համագումարում ձայների ճնշող մեծամասնությամբ որոշվեց ՀՀՇ-ն անվանափոխել ՀԱԿ-ի: Մինչ հիմնադիր համագումարը, սակայն, արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը պետք է  վերագրանցի կուսակցությունը: Քանի որ օրենքը մեկամսյա ժամկետ է սահմանում, իսկ Արամ Մանուկյանի փոխանցմամբ, դիմումը մեկ շաբաթ առաջ  է ուղարկվել, մտավախություններ կան, որ մինչև մարտի 22-ը գրանցումը ստացված չի լինի: Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ համագումարի հետաձգումը միայն այս պատճառով կարող է տեղի ունենալ:

Ա. Մանուկյանը նշեց, որ համագումարի հետ կազմակերպչական խնդիրները դեռ լուծված չեն, հետևաբար, պարզ չէ նաև, թե քաղաքական ուժերից ում կուղարկվի հրավեր: Արամ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ի համագումարի կազմակերպչական հարցերով զբաղվում նախաձեռնող խումբը, որի անդամների մեծ մասը ՀՀՇ-ի հետ կապ չունեն, և ոչ թե ՀԱԿ վերանվանված ՀՀՇ վարչությունը:  «Չկա այդպիսի բան: Մենք ՀՀՇ վարչութան անդամներով ստեղծել ենք  9 հոգանոց կազմկոմիտե, որը  նախաձեռնող անդամների հետ համատեղ կազմակերպելու է համագումարը»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նա վստահեցրեց, որ կուսակցություն անդամագրվելու հարյուրավոր դիմումներ արդեն իրենք ստացել  են և որևէ մեկը նախկին ՀՀՇ-ից ցանկություն չի հայտնել  չլինել նորաստեղծ ՀԱԿ կուսակցության անդամ: Փաստորեն, համագումարին անվափոխությանը դեմ  քվեարկած ՀՀՇ-ականները, ինչպես օրինակ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, կուսակցությունից դուրս գալու դիմում չներկայացնելու դեպքում դառնում են ՀԱԿ կուսակցության անդամ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս