Ինչո՞ւ Վարդան Սեդրակյանը որոշեց դիմել Իզաբելլա Աբգարյանի ամուսնու օգնությանը
Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված էր «Ժառանգության» ցուցակում, Ոստիկանությունից պարզաբանում է պահանջում իր հոր բնակարան՝ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը պատմեց, որ մարտի 5-ի երեկոյան Ոստիկանության աշխատակից ներկայացած անձն այցելել է իր հորը և հարցրել է, թե քանի մարդ է բնակվում այդ բնակարանում, ովքեր են գրանցված, իսկ վերջում էլ հետաքրքրվել է՝ տանը զենք-զինամթերք կա՞: Իզաբելլա Աբգարյանը շեշտեց, որ ինքը ևս գրանցված է այդ բնակարանում: Նա նշեց, որ երեկ երեկոյան Ոստիկանություն ուղարկված նամակում պարզաբանում է պահանջում, թե արդյոք բոլորի՞ն են ոստիկաններն այցելում և նմանատիպ հարցեր տալիս: Առայժմ նամակի պատասխանը չկա: Իզաբելա Աբգարյանն ասաց, որ հայրն իրեն երեկ է այդ մասին պատմել՝ նշելով՝գուցե զգույշ լինես, չգնաս այլևս հանրահավաքների: Հարցին, թե հակվա՞ծ եք այցը կապել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում իր ելույթի հետ, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց. «Ես հակված չէի լինի կապելու իմ քաղաքական հայացքների հետ, եթե նույն օրը չնշեին նաև իմ մյուս ընկերները, որ նրանց հրավիրում են ԱԱԾ, կամ, որ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդների ծնողներին են այցելել: Դա արդեն իսկապես տագնապ առաջացրեց, որ գուցե հորս տուն եղած այցը կապված է նույն սցենարի հետ»: Իզաբելա Աբգարյանը հավանական չի համարում, որ այցը կապված լինի իր ամուսնու գործունեության հետ: Նշենք, որ Իզաբելլա Աբգարյանի ամուսինը՝ Ալեքսանդր Սիրունյանը, մարտի 5-ին կալանավորված նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբանն է: «Եթե Վարդան Սեդրակյանի հետ կապված լիներ, ամուսնուս ծնողների տուն կգնային կամ կգային մեր տուն, այլ ոչ թե հորս տուն»: Երբ հայտնի դարձավ, որ Վարդան Սեդրակյանի պաշտպանությամբ զբաղվելու է Ալեքսանդր Սիրունյանը, շատերի մոտ զարմանք առաջացրեց փաստաբանի ընտրությունը՝ հաշվի առնելով Վարդան Սեդրակյանի բացասական վերաբերմունքը և մեղադրական հայտարարությունները Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: «Բնական է, ես հասկանում եմ, որ մարդկանց մոտ կարող է նման հարց առաջանալ: Իրողությունն այն է, որ Վարդան Սեդրակյանը դեռ մի տարի առաջ մեր գրասենյակի հաճախորդն էր և ունի մեզ մոտ այլ գործ` հողային վեճ, դատական գործ, որը դեռ չենք ավարտել: Առհասարակ, իմ ամուսնու գործունեությունը, որտեղ էլ նա աշխատի, երբեք կապ չի ունեցել իմ քաղաքական հայացքների հետ»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը: Նա պատմեց, որ Վարդան Սեդրակյանն իրենց ընդհանուր ընկերոջ ազգականն է, և հենց այդ ազգականն էլ խորհուրդ է տվել օգտվել Ալեքսանդր Սիրունյանին պատկանող «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ծառայություններից: Նա շեշտեց, որ այդ ժամանակ Վարդան Սեդրակյանի քաղաքական գործունեության մասին խոսք չկար: «Մեկ տարի առաջ նա դեռ ոչ թեկնածու էր, ոչ էլ նման խոսակցություն կար: Դա հետագայում էր, որ նա որոշեց թեկնածու դառնալ: Ես կարծում եմ, որ ցանկացած իրավաբան իր պարտքը պետք է կատարի և պաշտպանի շահերը, կապ չունի քաղաքական հայացքները»,- նշեց Իզաբելլա Աբգարյանը: Նրա խոսքերով, կալանավորվելու լուրն իմանալով, նույն ազգականն է դիմել ամուսնուն, որպեսզի վերջինս օգնի Վարդան Սեդրակյանին: