Եհովայի վկաներն իրենց ներմուծած կրոնական գրականության համար ԱԱՀ կվճարեն

ՀՀ Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ «Միջազգային ճանապարհային փոխադրումներ» տարածքաշրջանային մաքսատան, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` պատասխանողների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դրա հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների կրոնական համայնքը։ Սույն հայցադիմումը ներկայացնելու պահին կազմակերպությունում եղել են ավելի քան Հայաստանի Հանրապետության 11.000 քաղաքացիներ, ովքեր հանդիսանում են Եհովայի վկաներ։ Ավելի քան 24.000 անհատներ են հաճախում Եհովայի վկաների կրոնական հանդիպումներին։

Հայցվորի կանոնադրությունը բացատրում է, որ համայնքի նպատակներն ու գործունեությունը ուղղված են միավորելու հավատացյալներին, որոնք հանդիսանում են Եհովայի վկաներ, համատեղ դավանել հավատ և դրսևորել այն՝ բավարարելով կրոնական և հոգևոր պահանջները։ Սուրբ Գրությունների` Աստվածաշնչի վրա հիմնված ծառայություն մատուցել Աստծուն։ Սուրբ Գրությունների՝ Աստվածաշնչի, կրոնական գրականության, պաշտամունքի համար գրականության. տպագրության, ձայնա և տեսանյութերի ու կրոնական նշանակության այլ առարկաների արտադրություն, ձեռք բերում, թարգմանում, առաքում, ներմուծում, օգտագործում և տարածում։

Հայցվորի կողմից ներմուծվող կրոնական պարագաները մատակարարվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող, շահույթ չհետապնդող Եհովաս Ցոյգն ին Դոյչլանդ Կ.Դ.Օ.Ռ. (այսահետ Եհովաս Ցոյգն) ընկերության կողմից` համաձայն կողմերի միջև 2011թ. հունվարի 1-ին ստորագրված պայմանագրի։ Եհովաս Ցոյգն ընկերության կողմից այս կրոնական պարագաների մատակարարումն իրականացվում է նվիրաբերության գործարքի շրջանակներում առանց որէև փոխհատուցման կամ վճարի։ Իսկ Հայցվոր կազմակերպությունը իր հերթին, այս կրոնական պարագաներն անվճար տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում անհատ Եհովայի վկաների և հետաքրքրվող այլ անձանց։

Հայցվորի պնդմամբ` իր կողմից ներմուծվող կրոնական հրատարակությունեերը չունեն կոմերցիոն արժեք, քանի որ դրանք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում
տպագրվում են կամավոր ծառայողների կողմից, ովքեր կրոնական օրդենի
անդամներ են և աշխատում են առանց վարձատրության։ Եհովաս Ցոյգն
ըեկերությունը արտադրում է այդ գրականության տասնյակ միլիոնավոր օրինակներ
տարբեր լեզուներով, ինչը կրճատում է արտադրական ծախսերը։ Այս հրատարակություններն օգտագործվում են բացառապես երկրպագության մեջ և վաճառքի ենթակա չեն։ Եհովաս Ցոյգն ընկերությունն ուղարկվող կրոնական պարագաների յուրաքանչյուր բեռի հետ մեկտեղ տրամադրում է նվիրատվության ծանուցագիր, որում նշված են կրոնական հրատարակությունների արտադրական, ինչպես նան դրանց փոխադրման հետ կապված ծախսերը։ Նշված ծախսերը ներկայացվում են զուտ մաքսային նպատակներով մաքսային պարտադիր վճարումների, այլ հարկերի և վճարների հաշվարկման համար։

Հայցվորը դատարանից պահանջել է պարտավորեցնել Պատասխանող Պետական եկամուտների կոմիտեին կայացնել նոր որոշում, համաձայն որի Հայցվորը պարտավոր չէ իրեն նվիրաբերված ներմուծվող կրոնական գրականության համար վճարել Ավելացված արժեքի հարկ։

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն`
ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`…
4) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքuային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի։ Տվյալ պարագայում Հայցվորը գտնում է, որ ինքը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով հանդիսանում է ԱԱՀ չվճարող։ Նշված օրենքի համաձայն` Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, uտանալ և տնoրինել դրանք։ Կրոնական կազմակերպությունների uտացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից uտացվող հաuույթները հարկման ենթակա չեն։ Նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի Կրոնական կազմակերպության կողմից նվիրատվություն ստանալու փաստը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածներից ակնհայտ է, որ «նվիրատվություն» և «նվիրաբերություն» հասկացությունները միանշանակ տարբերվում են միմյանցից և դրանցով կարգավորվում են այլ բնույթի իրավահարաբերություններ։

Հայցվորի կողմից վկայակոչված պայմանագրի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ կրոնական գրականությունը Հայցվորին նվիրաբերվել են, հետևաբար առկա է նվիրաբերության, այլ ոչ թե նվիրատվության փաստ։

Այսինքն, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված նվիրատվության փաստը տվյալ պարագայում բացակայում է, հետևաբար այդ նորմով պայմանավորված բացառությունը կիրառելի չէ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բացառությունների նկատմամբ։ Հետևաբար, Հայցվորի առաջին պահանջն իրավաչափ չէ և ենթակա է մերժման։

Դատարանը վճռեց ՀՀ Եհովայի վկաներ քրիստոնեական կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ ՄՃՓ տարածքաշրջանային մաքսատան, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, դրա հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումը ճանաչելու պահանջի մասին, մերժել։

Սույն վճռի դեմ Հայաստանում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս