
Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ-ում առաջին անգամ կթույլատրվի ինքնաթիռներում գրպանի դանակ կրել

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում տրանսպորտային անվտանգության վարչությունը (TSA) հայտարարել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո առաջին անգամ ինքնաթիռների ուղևորներին թույլ է տալու կրել ոչ մեծ (գրպանի) դանակներ: Նախկինի նման արգելվում են ֆիքսված շեղբերով դանակները, ածելիները:
Ապրիլի 25-ից սկսած՝ ուղևորները կարող են իրենց հետ ինքնաթիռ վերցնել գրպանի դանակներ, որոնց շեղբի երկարությունը չպետք է գերազանցի 6 սանտիմետրը, իսկ լայնությունը՝ կես դյույմը (1.27 սանտիմետր): Ուղեկցորդուհիներն արդեն իսկ քննադատության են ենթարկել TSA-ի այդ որոշումը՝ հայտարարելով, որ այն վտանգի տակ է դնում օդանավերի ուղևորների ու անձնակազմերի անվտանգությունը:
Նոր կանոններով թույլատրվում է ինքնաթիռ մտցնել նաև դահուկներ, հոկեյի մականներ, բիլյարդի կիեր: TSA-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ փոփոխությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: