
Անկախ հեռացումից` պարտվեց մի թիմ, որն ավելի լավն էր. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի (2։1) մասին։
«Անկախ հեռացումից` պարտվեց մի թիմ, որն ավելի լավն էր։ Ուրախ ենք, որ շարունակում ենք պայքարը։ Սակայն ես այլ ֆուտբոլ էի սպասում սաներիցս։ Գիտեի, որ «Յունայթեդն» ուժեղ է ֆիզիկապես և հոգեպես։ Կասկածում եմ, որ կկարողանայինք հաղթել, եթե խաղն ավարտվեր հավասար կազմերով։
Երբ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է դառնում դարպասապահը դա նշանակում է, որ թիմը չի վերահսկում խաղը, ինչպես հարկն է։ Վատ խաղացինք, սակայն ֆուտբոլը մնում է ֆուտբոլ։
Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ Անգլիան և մի օր կվերադառնամ այստեղ, եթե ինձ այլ տեղ չցանկանան այլևս տեսնել։ Անկախ արդյունքից միշտ էլ հիանալի է այստեղ խաղալը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը