Օգոստոսին ընկերական հանդիպում կանցկացնենք ուժեղ հավաքականի հետ. Վարդան Մինասյան
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել Football365.am-ին, որի ժամանակ խոսել է հավաքականի առաջիկա ծրագրերի մասին:
– Սկսենք Չեխիայի հետ խաղի նախապատրաստությունից: Մենք այդպես էլ մրցակից չգտանք մարտի 22-ի համար: Դա պլանավորվա՞ծ էր, թե՞հանգամանքներն էին այդպիսին:
– Հանգամանքներն այդպես դասավորվեցին: Պլանավորել էինք նախ երեք խաղ անցկացնել: Մարտի 22-ի Թուրքմենիայի հետ խաղը չեղյալհայտարարվեց հայտնի պատճառներով (խմբ – Ասիայի կոնֆեդերացիան փոխեց խաղացանկը, եւ Թուրքմենիան այդ օրը պետք է Ասիայի գավաթի նախընտրական փուլի խաղ անցկացներ), իսկ մեկ ամսում այլ մրցակից գտնելն այդքան էլ հեշտ չէ: Ու քանի որ չեխերի հետ խաղը մոտ էր, ես մտածեցի`ավելի լավ է խաղալ մեր երիտասարդականի հետ: Երիտասարդականի հետ խաղի ֆորմատը մի քիչ ուրիշ է լինելու՝ 3 խաղակես 30-ական րոպեով, որպեսզի կարողանանք ավելի շատ փորձարկումներ անել:
Իսկ ինչ վերաբերում է փետրվարյան խաղերին, ապա դրանք պետք է երկուսը լինեին: Բայց այն ընկերությունը, որը զբաղվում էր մեր հավաքականի խաղերի կազմակերպմամբ, խոստացված երկրորդ մրցակիցը չկարողացավ գտնել: Լյուքսեմբուրգի հետ խաղը նախատեսել էինք հենց փորձարկումների համար, իսկ երկրորդն արդեն լուրջ մրցակցի հետ պետք է լիներ:
– Այսինքն, այնպես է ստացվում, որ կազմակերպող կո՞ղմն է վատ դրության մեջ դրել:
– Այո, կային 2-3 թիմեր, որոնց հետ բանակցում էին: Բայց, քանի որ դա միջնորդ կազմակերպություն է, եւ այդտեղ շատ ֆինանսական հարցեր կան, ինչ-ինչ պատճառներով նրանց մոտ չստացվեց:
– Իսկ Լյուքսեմբուրգի հետ խաղում Վալանսի մարզադա՞շտն էլ էր ընտրվել կազմակերպչի կողմից:
– Մենք սկզբում որոշել էինք երկու խաղն էլ Կիպրոսում խաղալ: Մեկը պետք է լինեին տանտերերը, բայց նրանք նախընտրեցին խաղալ Սերբիայի հետ: Մենք էլ փոխեցինք մեր պլանները եւ որոշեցինք հավաքն անցկացնել Ֆրանսիայում: Քննարկվում էր տարբերակ` Լատինական Ամերիկայի երկրներից մեկի հետ ընկերական խաղ անցկացնել, բայց կազմակերպիչներն ընդհանուր հայտարարի չեկան խաղի անցկացման հարցում:
– Բայց վերջ ի վերջո խաղալ ռեգբիի դաշտում….
– Ես անկեղծ կասեմ, այդ դաշտը չէի տեսել, չգիտեի, թե ինչ վիճակում է այն: Մեզ ասացին, որ նորմալ դաշտ է, բայց իրականում այլ էր: Մենք սովոր ենք մարզվել եւ խաղալ մեր որակյալ խոտածածկով խաղադաշտերում: Այդ պրոբլեմի առաջ կանգնեցինք, բայց այդ ամենը հաշվի առնելով՝ ինձ համար առաջնայինն այն էր, որ պետք է անպայման խաղայինք, որ ես կարողանայի տարբեր դիրքերի ֆուտբոլիստներին նայել:
– Լյուքսեմբուրգը, Թուրքմենիան հաստատ մեր մակարդակը չեն:
– Համաձայն եմ: Պարզապես պետք է հաշվի առնել, թե Լյուքսեմբուրգի ու Թուրքմենիայի հետ խաղերի օրերը երբ են ընտրված եղել: Լյուքսեմբուրգը ընտրված էր փորձարկումների համար: Թուրքմենիայի պարագայում չէր կարելի պաշտոնական խաղից առաջ խաղալ ուժեղ հավաքականի հետ, դա կստացվեր արհեստականորեն հոգնեցնել թիմին:
– Բայց մեր խմբում ընդգրկված Իտալիան խաղում է Բրազիլիայի հետ ընկերական խաղ, հետո ունի արդեն ընտրական հանդիպում….
– Իտալիան կարող է շատ բան անել: Այնտեղ շատ ֆինանսական հարցեր կան, բացի այդ նրանց կազմի ընտրությունը շատ ավելի մեծ է:
– Շատ հավաքականներ իրենց գրաֆիկը շուտ են կազմում: Օրինակ՝ հիմա մենք արդեն գիտենք, որ նոյեմբերին լինելու են երկու ընկերական խաղերի օրեր:
– Նոյեմբերին չէ, բայց օգոստոսին մենք արդեն պլանավորել ենք ընկերական խաղ: Երեք թիմ կա, որոնց հետ բանակցում ենք: Անուններ չտամ, բայց կարող եմ ասել, որ նրանք ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին հիսնյակի թիմեր են: Իսկ ինչ վերաբերում է նոյեմբերին, ես այդ ժամանակ խաղալու իմաստ չեմ տեսնում, որովհետեւ ընտրական փուլը մեզ մոտ վերջացած է լինում: Այնպես որ նոյեմբերի խաղը դեռ չենք դիտարկում, իսկ օգոստոսի 14-ինը ուժի մեջ է:
– Չեխիայում մարտի 22-ին ընդունելու են Դանիայի հավաքականին: Մեր մարզական շտաբից մարդ լինելու՞ է այդ խաղին:
– Ոչ, չի լինելու: Այն համակարգչային ծրագիրը որ ունենք, ամբողջական պատկերն է տալիս մրցակցի մասին: Մենք նայում ենք կադրերին, վիճակագրությանը, առանձին խաղացողների վիճակագրությանը, նայում ենք թիմային սխեմաներ, մանրակրկիտ ուսումնասիրում բոլոր դետալները:
– Բայց խաղը տեսնելը այլ բան է: Օրինակ՝ Ֆերգյուսոնը, ով կարող էր սուպերկլասիկոն տանը դիտել 3D ֆորմատով, իր խիստ գրաֆիկի պայմաններում այցելեց «Կամպ Նոու»:
– Եթե խոսքը Չեխիայի խաղը դիտելու մասին է, ԵՎՐՈ-2012-ի ժամանակ ես մարզադաշտում ներկա եմ եղել նրանց 3 հանդիպման: Դրան գումարած այն բոլոր խաղերը, որոնք նա անցկացրել է 2012 թվականին: Ես ամբողջական պատկերացում ունեմ, թե նրանց խաղաոճի, եւ թե ուժեղ եւ թույլ կողմերի մասին:
– Բայց հիմա այլ Չեխիայի հավաքական է…
– Որոշ մարդիկ փոխվել են, բայց խաղաոճը չի փոխվել, մարզիչն էլ նույնն է մնացել: Նրանց 4 պաշտպանները եւ երկու հենակետայինները մշտապես մասնակցել են վերջին 8 խաղերին: Փոխվել են միայն եզրերը, կենտրոնական հարձակվողը ու նաեւ ենթահարձակվողը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը