
Հնդկաստանում փղին հարվածած գնացքի ուղևորները փորձել են հնարամտություն ցուցաբերել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում գնացքը հարվածել է փղին, ինչի հետևանքով փիղը մահացել է տեղում: Գնացքը մեծ արագություն է հավաքել, երբ նրա առաջ անսպասելիորեն հայտնվել է փիղը: Նշվում է, որ մեքենավարը գերազանցել է արագության թույլատրելիությունը:
Հնարամիտ ուղևորներն անմիջապես նետվել են նրա ժանիքները կտրելու, որոնց մեկ կիլոգրամը սև շուկայում կարող է արժենալ մի քանի հազար եվրո: Սակայն նրանց չի հաջողվել դա անել, ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է փղի ժանքիները կտրողներին:
Միջադեպը գրանցվել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում ընկած Buxa Tiger արգելոցում (Արևմտյան Բենգալիա նահանգ), որով անցնում է այդ երկաթուղին, ինչի համար էլ ոստիկանությունը կարողացել է ժամանակին հասնել դեպքի վայր:
Նշվում է, որ Հնդկաստանում փղերը հաճախ են դառնում գնացքների զոհ: Նախորդ տարվա դեկտեմբերին Հնդկաստանի Օրիսա նահանգում գրանցված վթարիզոհ է դարձել միանգամից 5 փիղ: Հնդկաստանում մնացել է 25.000 ասիական փիղ, որոնց քանակը գնալով կրճատվում է որսագողության ու մարդկանց կողմից շրջակա միջավայրի ոչնչացման պատճառով: