Չինացիները նոր հարկի պատճառով սկսել են զանգվածաբար ամուսնալուծվել
Shanghai Daily-ի փոխանցմամբ՝ չինացիները սկսել են զանգվածաբար ձևականորեն ամուսնալուծվել, ինչի պատճառն անշարժ գույքի վրա դրված նոր հարկն է: Նախորդ շաբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարեցին, որ բնակության միակ վայր չհանդիսացող անշարժ գույքի վաճառքն այսուհետ հարկվելու է 20 տոկոսով:
Ավելորդ ծախսերից խուսափելու համար բազմաթիվ զույգեր, որոնք ունեն երկու տուն և որոշել են վաճառել դրանցից մեկը, սկսել են ամուսնալուծվել: Դրանով իսկ նրանցից յուրաքանչյուրը կունենա միայն մեկ բնակատեղի: Անշարժ գույքը վաճառելուց հետո զույգերը մտադիր են վերամիավորվել և գրանցել իրենց ամուսնությունը:
Շանհայի Չժաբեյ թաղամասի վարչակազմը հայտնել է, որ մարտի 5-ին գրանցվել է ամուսնալուծությունների ռեկորդային ցուցանիշ: Մեկ օրում ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել 53 ամուսնական զույգ, երբ սովորաբար օրական ստացվում էր մոտ 10 դիմում:
Զույգերի մի մասը որպես ամուսնալուծվելու պատճառ է նշում «փոխադարձ զգացմունքների բացակայությունը» (ինչը սովորական է Չինաստանում), սակայն շատերը հայտարարում են, որ ցանկանում են այդ կերպ խուսափել նոր հարկից:
Ձևական ամուսնալուծությունների աճի հետ մեկտեղ Չինաստանում մի քանի անգամ աճել են այն տեղեկանքի ստացման դիմումները, որում ապացուցվում է ամուսնու բացակայությունը: Չինաստանում այդ պաշտոնական փաստաթուղթն անհրաժեշտ է անշարժ գույքի գործարքներ իրականացնելիս: