Վենեսուելան վտարում է ամերիկացի դիվանագետներին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելան երկրից վտարում է ԱՄՆ դեսպանատան երկու ռազմական կցորդների, որոնք մեղադրվել են երկրում իրավիճակի անկայունացման գործողություններին մասնակցելու մեջ: Խոսքը գնում է Կարակասում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Դևիդ Դել Մոնակոյի ու Դեբլին Կոստալեի մասին:
Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան: Դրանից առաջ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Դևիդ Դել Մոնակոն պետք է 24 ժամում լքի Վենեսուելան՝ հավելելով, որ ամերիկացի դիվանագետն արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանդիպումներ է ունենում վենեսուելացի զինվորականների հետ՝ առաջարկելու համար երկրի անկայունացման պլան:
ԱՄՆ-ը հերքել է Վենեսուելայի իշխանությունների մեղադրանքները՝ կապված երկրում անկայունություն առաջացնելու դավադրության հետ: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելն այդ մեղադրանքները որակել է որպես «անհեթեթ»: Պենտագոնը հաստատել է դիվանագետների արտաքսումը:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե Վենեսուելայի արդեն հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի քաղցկեղի սկզբնաղբյուրն ԱՄՆ-ն է, որին մեղադրում են նաև Հարավային Ամերիկայի այլ երկրների նախագահներին քաղցկեղով հիվանդացնելու մեջ: