Արդյո՞ք ԲՀԿ-ն կգնա ռևանշի

ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում կայացրեց, որ Երևանի խորհրդի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչը նշանակում է, որ ընտրություններից հետո նա շարունակելու է ղեկավարել Երևանը: Ո՞վ է լինելու հանրապետական քաղաքապետի հիմնական մրցակիցը:
Թվում է` դա կարող է լինել «Ժառանգության» ներկայացուցիչը, քանի որ հիմա իշխանության հիմնական քաղաքական մրցակիցը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանից և «Ժառանգությունից» հասարակությունը հիմա այլ սպասելիքներ ունի: Րաֆֆի Հովհաննիսյանը դիտարկվում է` որպես նախագահի հավակնորդ, և նա չի կարող նախագահի համար պայքարն իջեցնել քաղաքապետի պաշտոնի համար պայքարի` գլխավորելով Երևանի խորհրդի ընտրություններում «Ժառանգության» ցուցակը: Չստացվեց դառնալ Հայաստանի նախագահ, հիմա էլ կփորձեմ դառնալ Երևանի քաղաքապետ. կարգախոսը չի աշխատի: «Ժառանգությունը» չունի քաղաքապետի քիչ թե շատ հայտնի այլ հավակնորդ, ով կարող է հաջողության հույս ունենալ: Մեր ունեցած տեղեկություններով` ՀՅԴ որոշ անդամներ քննարկում են այն հարցը, որ Երևանի խորհրդի ընտրություններին կարելի է գնալ «Ժառանգության» հետ միասնական ցուցակով, որը կարող է գլխավորել ՀՅԴ ներկայացուցիչը: Դա կարող է լինել ՀՅԴ-ի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու գինը:
Նախագահական ընտրություններին չմասնակցելու հետ, քաղաքական կյանքի լուսանցքից դուրս գալու համար, Երևանի խորհրդի ընտրություններին մասնակցելու լուրջ նպատակ ունի ԲՀԿ-ն: Այս ընտրությունները ԲՀԿ-ի և նրա ղեկավարի համար ինչ- որ կերպ սեփական վարկանիշը փրկելու հնարավորություն են թվում: Բայց ո՞վ պետք է գլխավորի ԲՀԿ ցուցակը:
ԲՀԿ-ականները դեռ չեն որոշել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն: Այդ հարցը ԲՀԿ-ականները կորոշեն հաջորդ շաբաթ կայանալիք կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ: Պարզ է մի բան, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հաստատապես չի գլխավորի ցուցակը: Եթե նա չի մասնակցել նախագահական ընտրություններին, այսինքն` նախագահ դառնալու հայտ չի ներկայացրել, ապա չի կարող քաղաքապետի հայտ ներկայացնել. քաղաքապետի պաշտոնը բավական փոքր է նրա անձնական ամբիցիաները բավարարելու համար:
ԲՀԿ-ի ցուցակը ղեկավարելու երեք հիմնական հավակնորդ կա: Առաջինը Գուրգեն Արսենյանն է: Արսենյանը կարող էր քաղաքապետի իդեալական հավակնորդ լինել, եթե չլիներ մի կարևոր հանգամանք. նա ԲՀԿ անդամ չէ, այլ ՄԱԿ`Միավորված աշխատանքի կուսակցության նախագահ: Եթե ԲՀԿ-ն նրան ներկայացնի` որպես իր ընտրական ցուցակի անդամ, ապա հարց կառաջանա, թե ինչո՞ւ Հայաստանի ամենաբազմամարդ կուսակցությունը նույնիսկ քաղաքապետի սեփական թեկնածու չունի: Եթե քաղաքապետի այլ հավակնորդ չգտնեն, հնարավոր է, որ կանգ առնեն հենց նրա թեկնածության վրա:
Մյուս թեկնածուն նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանն է: Նա, իհարկե, լավ մենեջերի համբավ չունի, և չի պատկերացնում քաղաքային տնտեսությունը. աղբահանությունից սկսած` մինչև տրանսպորտ և երթուղայինի գծերի բաշխում: Բայց աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ քաղաքական գործիչները բավական լավ քաղաքապետեր են դարձել` ձևավորելով աշխատունակ և բանիմաց թիմ: Այլ հարց է, որ մեր ունեցած տեղեկություններով` Օսկանյանն իրեն չի պատկերացնում այդ պաշտոնում, և ամենակարևորը` չի համարում, որ ինքը հենց այդ պաշտոնի համար պետք է նախընտրական պայքարի մեջ մտնի:
ԲՀԿ-ի մյուս հավանական թեկնածուն կարող է լինել Նաիրա Զոհրաբյանը`ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը: Զոհրաբյանը հրապարակային գործիչ է, կարող է լավ նախընտրական պայքար տանել, քննադատել Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունը: Բայց արդյո՞ք երևանցիները պատրաստ են Նաիրա Զոհրաբյանին դիտարկել որպես հավանական քաղաքապետ և քվեարկել նրա օգտին: Դժվար թե, մանավանդ, որ հայ հասարակությունը չափազանց վատ է վերաբերվում կին թեկնածուներին և շատ դժկամությամբ է նրանց ձայն տալիս, լինի դա նախագահական, խորհրդարանական թե տեղական ընտրություններ: Մյուս կողմից` պարտությունը կարող է հեղինակազրկել այս գործիչներին և թանկ արժենալ նրանց համար:
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարին կարող է միանալ նաև ՀԱԿ-ը, բայց ՀԱԿ-ը ևս չունի մի այնպիսի թեկնածու, ով կհամաձայնի իր վրա վերցնել խայտառակության պատասխանատվությունը: ՀԱԿ-ում կարող են որոշել, որ բոյկոտում են նաև քաղաքապետի ընտրությունները` հիմնավորելով, որ դրանով, միևնույն է, հնարավոր չէ համակարգային փոփոխություններ իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս