
Ինչո՞ւ ԿԸՀ-ն չի հայտնում եվրոպական դիտորդների անունները

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր պատին գրել էր, որ երեկ փորձել են պարզել փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին հետևած եվրոպական դիտորդական առաքելությունների անդամների անունները, սակայն թե՛ ԿԸՀ-ից, և թե՛ համապատասխան եվրոկառույցների երևանյան գրասենյակներից մերժում են ստացել:
«Պարզվեց, որ ՀՀ քաղաքացիները իրավունք չունեն իմանալու, թե ովքե՞ր են եղել այն դատավորները, ում թեթև ձեռքով վավերացվել է կեղծիքը: Այդ մարդիկ մեզ համար կմնան անանուն, անսեռ և մասնագիտորեն անհայտ և, ամենակարևորը, գուցե նաև` անպատիժ»,- գրել էր Արման Մելիքյանը:
168.am-ին նախագահի նախկին թեկնածուն տեղեկացրեց, որ իր նախընտրական շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանն է բանավոր դիմել ԿԸՀ, իսկ այնուհետև՝ եվրոպական դիտորդական առաքելությունները կազմակերպող երևանյան գրասենյակներ: «Բոլորն էլ նույնն են ասում, որ մարդկանց անունները չեն կարող տալ և չունեն դրա համար որևէ հիմնավորում: Որևէ իրավական փաստաթղթի մասին խոսք չի եղել, քանի որ այդպիսի փաստաթուղթ չկա»,- ասաց Արման Մելիքյանը:
Հարցին, թե ինչո՞ւ էին նրան անհրաժեշտ այդ անունները, վերջինս պատասխանեց. «Առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներս իրավունք ունենք անվանապես իմանալ, թե ովքե՞ր են եկել այստեղ և դատում են մեր ընտրությունները: Ես ուզում էի իմանալ, թե ովքե՞ր էին այդ մարդիկ, որոնք պատասխանատվությունը վերցրել էին, բայց թաքնվում էին Հայաստանի քաղաքացուց»,- ասաց Արման Մելիքյանը` ավելացնելով, որ դիտորդների հետ կապված հետագա հնարավոր գործողությունների առաջին քայլը հենց դա էր:
Մենք փորձեցինք պարզել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին փոխանցեց համարյա նույն պատասխանը: «Իրենք փորձել են մեզանից ճշտել նրանց անուն-ազգանունները, այսինքն` նրանց անհատական տվյալները, բայց քանի որ դրանք անձանց անհատական տվյալներ են, մենք հրապարակելու իրավասություն չունենք»,- ասաց ԿԸՀ մամուլի քարտուղարը`չնշելով, թե ԿԸՀ-ի մերժումն իրավական ի՞նչ հիմնավորում ունի: