Բաժիններ՝

Նախնական վարկածով` մանկական կերից մահացած երկվորյակ քույրերի մայրը դեմ է եղել դիահերձմանը

Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առատաշեն համայնքի ղեկավար`  Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմեց, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեն երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Նորածինների ծնողները եւս երիտասարդ են: Նրանց հայրը 26 տարեկան է, իսկ մայրը հարեւան Արփիմեդ գյուղից է: Դեպքից երեք օր առաջ նա հայրական տուն դարձ է գնացել եւ գիշերը, երբ երեխաներին մանկական կերով է կերակրել, նման դժբախտ դեպք է տեղի ունեցել:

«Կատարվածը մեզ համար շատ անհասկանալի է, որովհետեւ երեխաները շատ առողջ են եղել, որ մտածենք, թե հիվանդության հետ կապված ինչ-որ խնդիր է եղել: Դե ասում են, որ պատճառը մանկական կերն է: Մի երեխային առավոտյան մահացած են հայտնաբերել, իսկ մյուսը հիվանդանոցի ճանապարհին է մահացել: Ճիշտն ասած ծնողները դիահերձմանը համաձայն չէին, բայց քննիչները բացատրեցին, որ միայն դիահերձման միջոցով հնարավոր կլինի հասկանալ կատարվածի իրական պատճառը»,- փոխանցեց գյուղապետը եւ ավելացրեց, որ այսօր երեխաններն ու ծնողները նոր միայն վերադառնալու են գյուղ:

Նշենք, որ ամուսինները բնակվել են տղայի ծնողների եւ տատիկների հետ: Ի դեպ, երեխաները մահացել են իրենց պապիկի մահվան քառասունքի օրը: Ավելի վաղ տեղեկացարել էինք, որ Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել  էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:

շՊարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստալժե» ֆիրմայի արտադրանք:

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս