«Հանքերի ղեկավարների աշխատավարձը 40-50 000 դոլար է»
Հանքափորների միջին աշխատավարձը` 80000-100 000 դրամ
Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Գոռ Հակոբյանի և և քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Ստեփանյանի հետ լրագրող Լիլիթ Ավագյանի ամբողջական հարցազրույցը` հետընտրական իրավիճակի, դասադուլի` որպես պայքարի միջոցի մասին, «168 Ժամի» վաղվա համարում: Մինչ այդ` ներկայացնում ենք հատված` բնապահպանական թեմայով:
– Ըստ բնապահպանների` վերջին 3 տարիներին դրական եզրակացություն է տրվել 50-ից ավելի հանքերի շահագործման, որոնց մի մասն օտար տերեր ունեն: Մասնավորապես` Ջերմուկում Ամուլսարի ոսկու հանքի արդյունահանումը, Ծաղկաձորում Հրազդանի երկաթի հանքի արդյունահանումը, երկաթաձուլարանի շահագործումը: Եվրոպացիները խստապահանջ են իրենց երկրում յուրաքանչյուր ծառի հանդեպ, ծանր են տանում իրենց քաղաքացիների՝ անգամ գրիպով հիվանդանալը, Հայաստանում շահագործում են հանքերը` իմանալով, թե ինչ բնապահպանական աղետի առաջ են կանգնեցնում տվյալ գոտին, բնակիչներին:
Գ.Հ.– Իշխանություններին վերահսկելի դարձնելու անհրաժեշտությունը միջազգային տարբեր ուժերի կողմից այն է, որ կարողանան անարգել թալանել քո երկրի ընդերքն ու հարստությունն ու շահագործել քո երկրի մարդկային կապիտալը: Եվ սցենարի տրամաբանությունն այն է, որ նրանք, լեգիտիմացնելով կեղծված ընտրությունները, կարողանան նուրբ ձևով անել այդ ամենը: Այս իմաստով կարևոր է, որ քաղաքացիական ինքնուրույն գործոնը գիտակցի` ի՞նչ է կատարվում, և թույլ չտա այս սցենարն ի կատար ածել, և կարողանան ստեղծել այն օրակարգը, որը ստեղծվել է Մաշտոցի պուրակում: Խոսքը քաղաքական պատասխանատվության օրակարգի հարցն է:
Դ.Ս.- Այն վիճակը, որ կա, օրինաչափ է: Անգամ այն 20 տոկոսը, որը հանքարդյունահանությունից մուտք է արվում բյուջե, իրականում չի մուտքագրվում: Մեզ մոտ անգամ պոչամբարները չեն հարկվում: Ուկրաինայում հանքարդյունահանությունից բյուջե է մուտքագրվում 80 տոկոսը: Նախ` օրենսդրությունը պետք է փոխվի, հարկերը բարձրացվեն, որպեսզի հանքարդյունահանումն անգամ շահավետ չլինի: Եվ հետո` պետք է ուսումնասիրվի տվյալ հանքի շահագործման արդյունավետությունը: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործումը կարող է արդյունավետ լինել, բայց Թեղուտինը` ոչ: Այսինքն` կան գնահատման միջոցներ, բայց մեզ մոտ շահագործում են նաև ոչ արդյունավետ հանքերը:
Ռ. Գ.- Բացի դա` սոցիալական անարդարության խնդիրն էլ կա. հանքափորների միջին աշխատավարձը 80 000-100 000 դրամ է, մինչդեռ հանքերի ղեկավարության աշխատավարձերը 40-50 000 դոլարի են հասնում:
– Կա հիմնավորում. հանքարդյունաբերության զարգացումը նաև նոր աշխատատեղերի խնդիր է լուծում:
Ռ.Գ.- Ամեն դեպքում, մեզ հայտնի չէ որևէ լուրջ տնտեսագիտական վերլուծություն՝ ծախսարդյունավետության հետ կապված, կամ տվյալ տարածքի զարգացման ծրագիր, որը կհամոզի, որ այդ վայրում միակ ելքը հանքարդյունաբերության զարգացումն է: