Բաժիններ՝

«Մենք մեր սեփական տանը հանգիստ չենք գտնում, ամբողջ նյարդային համակարգս խախտված է»

Ասում է Անժելա Գևորգյանը

Օրեր առաջ «168 Ժամ» թերթի խմբագրություն էր դիմել Տիգրան Մեծ պողոտայի 71 շենքի թիվ 46 բնակարանի բնակչուհի Անժելա Գևորգյանը՝ ահազանգելով իր իրավունքների ոտնահարման դեպքի մասին: Տեղում խնդրին ծանոթանալու նպատակով երեկ այցելեցինք վերոնշյալ հասցե, որտեղ բնակելի շենքի մի քանի հարկը շահագործվում է «Գրանդ քենդի» ընկերության կողմից: Այլ կերպ ասած՝ թիվ 71 շենքի առաջին և երկրորդ հարկում նույն ընկերության խանութն ու սրճարանն են, իսկ երրորդ հարկում բնակվում է Անժելա Գևորգյանը: Բանն այն է, որ նա արդեն քանի տարի դիմում է պետական համապատասխան մարմիններին՝ խնդրելով արձագանքել իր դժգոհությանը: ՀՀ նախագահին, վարչապետին, Երևանի նախկին և ներկա քաղաքապետերին, Առողջապահության նախարարությանը, ոստիկանապետին և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումներում Ա. Գևորգյանը խնդրել է «Գրանդ քենդի» ընկերությանը պարտավորեցնել դադարեցնել այն աղմուկը, որի պատճառով խաթարվել է խաղաղ ապրելու իր իրավունքը: «Ես այրի եմ, միայնակ մեծացնում եմ 14 տարեկան դստերս: Ինչպես տեսնում եք, բնակվում ենք «Գրանդ քենդի» սրճարանի վերևի բնակարանում: Այս մղձավանջը սկսվեց 2006թ.-ից և շարունակվում է մինչ օրս: Սկզբում շինարարությունն էր, որի պատճառով տանս ամբողջ պատերը ճաք տվեցին, պատուհանների ապակիները՝ նույնպես: Հիմա էլ ամբողջ օրը սրճարանի աղմուկը` մի կողմից, երաժշտությունը, ապրանք տեղափոխելու, վերելակ շահագործելու արդյունքում առաջացած աղմուկն էլ՝ մյուս կողմից: Մենք մեր սեփական տանը հանգիստ չենք գտնում: Ես ու աղջիկս մի շարք հիվանդություններ ենք ձեռք բերել այդ աղմուկի պատճառով: Ամբողջ նյարդային համակարգս խախտված է»,- ասում է Ա. Գևորգյանը՝ հավաստիացնելով, որ խանութում և սրճարանում տեղադրված օդորակիչների ու սառնարանների անդադար լսվող աղմուկն իրենց հասցնում է նյարդային պոռթկումների: 2009թ.-ից գործող խանութ-սրճարանն, ըստ Ա. Գևորգյանի, կառուցվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ, որի արդյունքում` իր բնակարանն ամենօրյա ցնցումների տակ է: Բանն այն է, որ առաջին հարկում տեղակայված խանութի տակ ընկերությունը նկուղային հարկը նույնպես կառուցապատել է՝ օգտագործելով որպես պահեստ, իսկ երեք հարկերից ապրանքների տեղափոխման համար գործում է վերելակ: «Եթե դուք ամբողջական մեկ օր իմ տանը գտնվեք, պարզապես կխելագարվեք: Վերելակի դմբդմբոցը, օդամղիչների, սառնարանների
դռդռոցը, սրճարանի աղմուկ-աղաղակը, ուղղակի մեզ զրկել են խաղաղ ապրելու իրավունքից»,- ասում է Ա. Գևորգյանը՝ հավաստիացնելով, որ համապատասխան մարմիններին ահազանգելուց հետո երկու կողմերի պայմանավորվածության արդյունքում վերջիններս գալիս են համաձայնության, իսկ իր դժգոհությունը մնում է անպատասխան: Նա մասնավորապես դիմել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ ծառայություն և Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, որտեղից ի պատասխան` հերքել են աղմուկի չափի խախտումն, այնուամենայնիվ, տեղեկացրել են, որ հարուցվել է վարչական վարույթ: «Տեսեք` ինչպես է. իրենք պայմանավորվում են «Գրանդ քենդիի» ներկայացուցիչների հետ, թե կոնկրետ որ ժամին են գալու, նրանք բոլոր սարքավորումներն անջատում են, վերելակի շարժիչը փոխում են, բայց սովորաբար գեներատորով են շահագործում (քանի որ այդպես էժան է), և արդյունքում ոչ մի խախտում չեն հայտնաբերում: Այսինքն՝ մենք բոլորս հասկանում ենք, թե տնտեսվարող սուբյեկտներն իրենց հարցերն այդ կառույցների հետ ինչպես են լուծում: Ասեք խնդրեմ, իսկ շարքային քաղաքացու հանգիստ ապրելու իրավունքը ո՞վ պետք է պաշտպանի: Ես ինչպե՞ս հաստատեմ, որ այդ ընկերության աշխատանքային պայմանների պատճառով մենք կորցրել ենք մեր հանգիստը, մեր նյարդային համակարգը քայքայվել է»,- դժգոհում է Ա. Գևորգյանը՝ մատնանշելով փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, որոնք այս տարիների ընթացքում դիմում-բողոքների տեսքով ուղարկել է բոլոր պետական ատյաններին, սակայն շատ դեպքերում անգամ պատասխաններ չի ստացել, իսկ ստանալու դեպքում էլ, ըստ նրա, գործել է բոլորիս հայտնի «պայմանավորվածության» սկզբունքը: Ի դեպ, Ա. Գևորգյանը նաև վստահեցնում է, որ դիմումներ գրել է նաև նախկին քաղաքապետերին, որոնցից որևէ մեկը նույնիսկ նպատակահարմար չի համարել գրավոր պատասխանել: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխան եղել է միայն նրա համար, որ ՀՀ նախագահին ուղղված դիմումը վերահասցեագրվել է քաղաքապետարան: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության Աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Մարինե Հայրապետյանից ստացած Ա. Գևորգյանի դիմումի պատասխանը, որն, ի դեպ, ինքը՝ Ա. Գևորգյանը, ոչ միայն արժանահավատ չի համարում, այլ վստահեցնում է, որ այս եզրակացությունը տրվել է իր մատնանշած մեթոդներով ստուգում անցկացնելու արդյունքում. «ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարին ուղղված Ձեր դիմումը՝ Տիգրան Մեծ պողոտայի 71 շենքի 46 բնակարանում կատարված աղմուկի մակարդակների չափումների վերաբերյալ, որի կապակցությամբ հայտնում եմ. Առողջապահության նախարարության մասնագետները 2013թ հունվարի 21-ին Տիգրան Մեծ պողոտայի 71 շենքի 46 բնակարանում՝ ժամը 17։00-18։30-ը կրկնակի անգամ իրականացրել են աղմուկի մակարդակի չափում, որից պարզվել է, որ վերոնշյալ բնակարանում աղմուկի մակարդակը չի գերազանցում ՀՀ առողջապահության նախարարի 2002թ. մարտի 06-N138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-111-1.1.3 սանիտարական նորմերի պահանջները»: Նաև տեղեկացնենք, որ Ա. Գևորգյանը ոչ միայն պնդում է, այլև պատրաստ է ապացուցել, որ «Քրանդ քենդի» ընկերությունը քաղաքապետարանից ստացել է 71 շենքի խանութի և շենքի մուտքի ճակատային մասում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, մինչդեռ, ինչպես ինքն է պնդում, փաստաթղթերում սրճարանի շահագործման մասին հիշատակում գոյություն չունի: «Դիմել էի ՀՀ ոստիկանապետին, բայց նույնիսկ գրավոր պատասխան չեմ ստացել: Թաղային տեսուչն ինձ ասում է՝ մենք ոչինչ չենք կարող անել, մարդը խանութ է աշխատացնում, դիմեք հեռուստաընկերությունների թեժ գծերին: Դիմում ենք թեժ գիծ, բայց այնտեղից էլ չեն արձագանքում, որովհետև ընկերությունն իրենց գովազդատուն է, չեն կարող թեմային անդրադառնալ: Ստացվում է՝ փակ շրջան է, ու քաղաքացու շահը ստորադասվում է գործարարի կողմից»,- ասում է Ա. Գևորգյանը, ով նույնիսկ պատրաստ է իր բնակարանից հեռանալ միայն այն պայմանով, որ ընկերությունը մեկ այլ տարածքում բնակարան կհատկացնի:
Ինչևէ, Ա. Գևորգյանի դժգոհության հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք «Գրանդ քենդի» ընկերության Իրավաբանական բաժնի պետ Գագիկ Խաչատրյանին, ով ոչ միայն քաջատեղյակ էր խնդրին, այլև հավաստիացրեց, որ Ա. Գևորգյանը տարիներ շարունակ դիմում-բողոքներ է գրում, բայց համապատասխան մարմինների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ նրա բողոքներն անհիմն են: «Այդ կնոջ մատնանշած սառնարանի, օդորակիչի, վերելակի ձայները եթե Դուք էլ լսեք, կարող եք ինքներդ հաստատել, թե արդյո՞ք դժգոհությունը հիմնավոր է: Նրա բողոքներն անհիմն են, և այդ կինը ՀՀ բոլոր գերատեսչություններին, պաշտոնատար անձանց, հիմնարկ-ձեռնարկություններին բողոքել է: Մի քանի անգամ հատուկ սարքերով եկել աղմուկը չափել են ձայնային աղբյուրների բոլոր սարքավորումներն աշխատեցնելու պայմաններում, և որևիցե խախտում չի արձանագրվել: Երկու օր առաջ Առողջապահության նախարարությունից նորից հատուկ խումբ էր եկել, աղմուկ չափող սարքերով չափեցին, ուսումնասիրություն կատարեցին և ոչ մի խախտում չհայտնաբերեցին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից, քաղաքապետարանից, թաղապետարանից ներկայացուցիչներ բազմիցս եկել են և համոզվել են, որ բողոքն անհիմն է»,- ասում է Գ. Խաչատրյանը: Նա նաև առաջարկում է ծանոթանալ բոլոր այն փաստաթղթերին, մասնագիտական եզրակացություններին, համաձայն որոնց՝ աղմուկի չափը չի գերազանցում օրենքով նախատեսված աղմուկի չափի նորմերին. ««Գրանդ քենդի» ընկերությունը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ֆիրմային խանութներ ունի, որտեղ աշխատում են նույն սարքերը, բայց նման որևէ խնդիր չի ծագում: Այս կնոջ դժգոհությունն այլ ոլորտում է: Նա պարզապես ցանկանում է իր բնակարանը մեր ընկերությանը վաճառել շուկայականից թանկ գնով: Նա ասում է՝ ուզո՞ւմ եք այլևս չբողոքեմ, ուրեմն՝ գնեք իմ տունը: Մենք էլ ասում ենք՝ ցանկանո՞ւմ եք ձեր բնակարանը վաճառել, խնդրեմ, դիմեք անշարժ գույքի գործակալություններ»: Գ. Խաչատրյանն առաջարկում է ցանկացած պահի մասնագիտական խումբ հրավիրել և ներկա գտնվել կատարվող ուսումնասիրություններին՝ հասկանալու համար, որ Ա. Գևորգյանի դժգոհությունն անհիմն է: Մենք նաև փորձեցինք ճշտել, թե որքանով են համապատասխանում տիկնոջ այն պնդումները, թե ընկերությունն ունի միայն խանութի և շենքի մուտքի ճակատային մասի շինարարական աշխատանքների թույլտվություն, իսկ սրճարանը նախագծով հաստատված չէ: «Արդեն անհեթեթության է հասնում, որովհետև Ոստիկանությունում էլ բողոք գրելիս նման բան էր ասել: Պաշտոնական գրություն ուղարկեցին՝ խնդրելով օրինական դաշտում աշխատելու մեր փաստաթղթերը տրամադրել: Ամբողջ փաթեթն ուղարկեցինք, ու հասկացան, որ անհեթեթություն է նրա ասածը: Նրա բողոքները ոչ միայն օբյեկտիվ չեն, այլև հերյուրանքներ են»,- մեզ հետ զրույցում նշեց
Գ. Խաչատրյանը:
Ի դեպ, երբ Ա. Գևորգյանին տեղեկացրինք, որ պարտավոր ենք լսել նաև երկրորդ կողմին, վերջինս մի տեսակ անհանգստության մեջ ընկավ: «Պարզ չի՞, որ հայտարարելու են, թե իմ բողոքն ու դժգոհությունը տեղին չէ, ու ձեզ հավաստիացնելու են, որ իրենք ճիշտ են: Չզարմանաք, եթե հանկարծ ինձ գժի տեղ էլ դնեն, որ իրենք անմեղ դուրս գան: Այսինքն՝ մենք այնքան միամիտ ենք, որ պիտի կարծենք, թե նման խոշոր ընկերությանը կարող են պարտավորեցնել ինչ-որ քայլեր ձեռնարկել հանուն մի սովորական քաղաքացու շահի՞: Բա շոկոլադներն ինչպե՞ս իրար մեջ բաժանեն»,- ասաց Ա. Գևորգյանը, ում բարձրացրած դժգոհության առիթով, այնուամենայնիվ, հուսով ենք` կարձագանքեն համապատասխան կառույցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս