Թուրքիան Հայաստանին առաջարկել է տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերին միանալու համար քայլ ձեռնարկել Ղարաբաղի ուղղությամբ. Hürriyet Daily News
Թուրքական Hürriyet Daily News թերթում հրապարակվել է Սերքան Դեմիրթաշի «Թուրքիան ճանապարհները բացելու համար Հաայստանից քայլ է ակնկալում Ղարաբաղի ուղղությամբ» խորագրով հոդվածը.
«Թուրքիան Հայաստանին առաջարկել է մասնակցել Եվրոպան ու Ասիան միմյանց կապող տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին` պայմանով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կայացվեն կոնկրետ որոշումներ, որոնք կարտացոլեն հետհակամարտային ժամանակաշրջանում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար անպարտելի իրավիճակ ստեղծելու մասին կամքը:
Թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնել է. «Մենք փորձում ենք ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, և 2012 թվականի նոյեմբերին նրանց ենք ներկայացրել տրանսպորտային ինտեգրացիոն միջանցքների նախագիծը: Այդ նախագիծն իրագործվելու է խաղաղ ժամանակ և հատկապես Հայաստանի կողմից Ղարաբաղի ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց հետո: Մենք առաջարկում ենք Թուրքիայի ու Հայաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորում»:
Ներկայումս տարածաշրջանային կայունության ու բարգավաճման համար հիմնական խոչընդոտն այն է, որ հայկական զորքերը 1990-ական թվականների սկզբներից վերահսկում են Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները: Դրա հետ կապված` Թուրքիան աջակցեց Ադրբեջանին և 1993 թվականին փակեց Հայաստանի հետ սահմանը, ինչում քիչ դեր չուներ նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայաստանի իրականացրած կամպանիան:
Ադրբեջանական կողմի խիստ արձագանքի պատճառով 2010 թվականին ձախողվեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի փորձը, ինչի պատճառով չվավերացվեցին սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:
Դրանից հետո Թուրքիան իր ջանքերն ուղղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանը` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար: Այդպիսի նախաձեռնություններից մեկը դարձավ նախորդ տարվա նոյեմբերի 8-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, տրանսպորտային ինտեգրացիոն միջանցքների նախագծի ներկայացումը:
Անանուն աղբյուրը մեր թերթին հայտնել է, որ այդ առաջարկը դրականորեն է ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների կողմից. «Մենք հստակ հասկացնել տվեցինք, որ այդ նախագիծն ուղղված է խաղաղության հեռանկարի ստեղծմանը, ինչը բխում է շահագրգիռ բոլոր կողմերի շահերից»:
Առաջարկված տրանսպորտային նախագիծը պետք է կյանքի կոչվի երկու փուլով: Առաջին հերթին դրանք ենթադրում են Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի երկաթուղիների միացում, ինչը պետք է արվի նոր երկաթուղիների կառուցմամբ և չօգտագործվող երկաթուղիների վերականգնմամբ:
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը: Բացի այդ, աննշան վերականգնողական աշխատանքներից հետո կարող է վերագործարկվել Հայաստանի ու Թուրքիայի միջև («Գյումրի-Կարս») երկաթուղին:
Բացի այդ, դիտարկվում է նաև ժամանակակից մայրուղու կառուցման հնարավորությունը` Թուրքիայի ու Հայաստանի միջև առևտրին և մարդկանց տեղաշարժին մեծապես խթանելու համար: Աղբյուրը հայտարարել է. «Մենք նաև պլանավորել ենք կառուցել լոգիստիկ նոր կենտրոններ և բնակելի շրջաններ այդ տրանսպորտային երթուղիների երկայնքով` ստեղծելու համար տարածաշրջանային նոր (տնտեսական ու առևտրային) կենտրոն: Այդ նախագծի միակ նպատակը տարածաշրջանի տնտեսական վերելքին զարկ տալն է, ինչը բխում է բոլորի շահերից:
Թուրքիայի այս առաջարկն ուղղված է նաև տարածաշրջանային երկրների կողմից Եվրոպան ու Ասիան միմյանց միացնող տրանսպորտային նախագծերին ինտեգրվելուն: Շուտով հնարավոր կդառնա Պեկինից գնացքով Լոնդոն մեկնելը, ինչը պետք է իրականացվի ԲԹԿ-ի ու «Մարմարա» նախագծի (Բոսֆորի նեղուցի հատակով անցնող երկաթուղային թունելը, որը պետք է շահագործման հանձնվի այս տարվա հոկտեմբերի 29-ին` Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակին – 168.am) իրագործման պարագայում:
Այդ ամենը կավելացնի Կովկասի ռազմավարական նշանակությունն ու տնտեսական հեռանկարները: Տարածաշրջանի քաղաքական իրավիճակի կայունացումը Հայաստանին հնարավորություն կընձեռի միանալ այդ աճող ռազմավարական պատկերին:
Հայ-թուրքական հարաբերությունների պոտենցիալ վերականգնման նկատմամբ իր կասկածամտությամբ հայտնի Ադրբեջանն իրազեկված է Թուրքիայի առաջարկած նախագծերի բովանդակության մասին: Նրանք գիտեն, թե մենք ինչ ենք ցանկանում: Մենք հստակ հասկացնել ենք տվել (ադրբեջանական կողմին), որ այդ նախագծերն իրագործվելու են միայն այն բանից հետո, ինչ Հայաստանը քայլեր կձեռնարկի խաղաղության ուղղությամբ»:
Սակայն Հայաստանը խանդավառություն չի ցուցաբերում Թուրքիայի առաջարկների հանդեպ և ցայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պաշտոնապես չի արձագանքել այդ նախաձեռնությանը: Աղբյուրն ըընդգծել է. «Թուրքիան չի ակնկալում, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո Հայաստանն անմիջապես կփոխի Ղարաբաղյան հակամարտության հանդեպ իր քաղաքականությունը: Մենք էական փոփոխություններ չենք ակնկալում մինչև 2015 թվականը»:
Հայաստանն ու Հայկական սփյուռքն ակտիվորեն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման օգտին` համայն աշխարհին իրազեկելով 2015 թվականին ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին»: