Բաժիններ՝

Նանոտեխնոլոգիաների ոլորտում արդյունքներ կան, սակայն Հայաստանում լայն կիրառություն չեն գտնում

Նանոմասնիկների օգտագործմամբ հնարավոր է քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստանալ

Կենսաբանության մեջ մաքուր ֆունդամենտալ գիտություն առանձնապես չեմ տեսնում: Այն պետք է ունենա կիրառական ելք: Կան որոշ կիրառական ուղղություններ, որոնք մենք կարող ենք զարգացնել: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վարդան Գասպարյանը: Նշենք, որ լաբորատորիան, որը ղեկավարում է Վ. Գասպարյանը՝ ստեղծվել է շուրջ 1.5 տարի առաջ: Այն զբաղվում է տարբեր ուսումնասիրություններով՝ նանոտեխնոլոգիաների ուսումնասիրությունից մինչև ամենատարբեր ախտաբանական համակարգերի ստեղծում:

«Մենք ստացել ենք  բավականին հետաքրքիր  արդյունքներ, և այն, որ մեզ հաջողվում է բոլոր մեր  հոդվածները տպագրել արտասահմանում, նշանակում է՝ ինչ-որ արդjունքների հասնում ենք նույնիսկ  այս սուղ պայմաններում»,- ասաց Վ. Գասպարյանը՝ նշելով, սակայն, որ իրենց աշխատանքները չեն սահմանափակվել միայն հոդվածների հրապարակմամբ, այլև կարողանում են պատրաստել տարբեր տիպի ախտորոշման լրակազմեր, որոնք, սակայն, լայն կիրառություն չեն գտնում Հայաստանում, այստեղ պոլիկլինիկաները, տեղական ախտորոշման տեղական լրակազմերի փոխարեն, նախընտրում են դրսից բերել այդ ամենը և այստեղ օգտագործել, չնայած, որ դրանք մոտ 50 տոկոսով ավելի թանկ արժեն, քան տեղական արտադրանքը:

«Այս ոլորտի շուկան օգտագործում է գրեթե բացառապես  ներկրված արտադրանք, և ներթափանցել այստեղ շատ դժվար է: Օրինակ, մի քանի տարի առաջ մենք ունեինք ընդամենը մի քանի լրակազմ, որոնք ունեին  պահանջարկ, սակայն հենց այդ լրակազմերի քանակը շատացավ, այդքանով մեր գործը Հայաստանում ավարտվեց»,- ասաց Վ. Գասպարյանը՝ նշելով, սակայն, որ այդ լրակազմերն ակտիվորեն բերում են Հայաստան և ցանկացած տեղական պոլիկլինիկայում և հիվանդանոցում օգտագործում են դրսից բերվածները:

Ըստ Վ. Գասպարյանի` կարելի է ենթադրություններ անել այս ամենի պատճառների մասին, սակայն, երբ ամենուրեք խոսվում է «ատկատային» համակարգի մասին,  երևի թե դա էլ ունի իր դերը:

ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վարդան Գասպարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս