Բազմակի օգտագործված ընտրողներով` Դեպի ապահով Հայաստան

Նախագահական ընտրությունների մինչ այժմ արձանագրված ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունները, լայն իմաստով, չեն հրաժարվել նախորդ բոլոր ընտրություններում կիրառված, անցած խորհրդարանական ընտրություններում կատարելության հասցված մեխանիզմից: Խոսքը` բազմակի քվեարկությունների մասին է, որոնք արդեն առավոտյան ժամերից արձանագրվում են բազմաթիվ տեղամասերում: Իշխանությունը դա անում է, ըստ էության, առանց որևէ էական  խոչընդոտի: Տեխնիկապես բազմակի քվեարկությունների իրականացումն ապահովվում է նախորդ ընտրություններից հայտնի չարաբաստիկ կնիքների`ցնդող թանաքների միջոցով:

Այս անգամ դրանք ևս մեկ «քայլով» կատարելագործվել են: Եթե ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերում դրոշմվող կնիքները կարճ ժամանակ անց ցնդում էին գրեթե համատարած` բոլոր քաղաքացիների անձնագրերում, ինչը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ապա  այս անգամ` «ցնդում են` ըստ ցանկության»: Դրա համար, ինչպես ակնհայտորեն երևում է մեր կայքում ներկայացված տեսանյութում, բավարար է ընդամենը թաց անձեռոցիկով մաքրել կնիքը: Այսինքն` այս անգամ ցնդում են միայն այն ընտրողների անձնագրերի կնիքները, որոնք անհրաժեշտ են բազմակի քվեարկության համար:

Ու պատահական չէ, որ առավոտյան ժամերից սկսած՝ մարզերից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, անձնական ավտոմեքենաներով ընտրողներ են բերվում Երևան: Ամենայն հավանականությամբ, նույնն արվում է նաև հակառակ ուղղությամբ, այսինքն՝ Երևանում հաշվառված «իշխանական ընտրողները» տարվում են մարզեր:

Գործնականում այս գործընթացը վերահսկել հնարավոր չէ, լավագույն դեպքում, առանձին վերցրած առավելագույնը մի քանի տասնյակ ընտրատեղամասերում արձանագրված նման դեպքերն է հնարավոր բացահայտել: Այն էլ` հիմնականում լրագրողների շնորհիվ: Բայց հասկանալի է, որ դա ամբողջի մեջ որակ չի կարող կազմել, և իշխանությունը երեկոյան հայտարարելու է մասնակցության ու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկածների այն թվերը, որոնք շատ «աչք չեն ծակի»:

Ընտրակեղծարարության այս արատավոր, կրկնում ենք` ավելի կատարելագործված մեխանիզմի կենսունակությունը, սակայն, ոչ ցնդող կնիքներն են, ոչ էլ իշխանության «հրահանգիչները»: Սա հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ լավ կամ վատ, բայց իշխանության դեմ պայքարող ուժերն ու թեկնածուները, բառի ուղղակի իմաստով, մարդ չունեն:

Վաղ առավոտից սկսած տասնյակ ընտրատեղամասերից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ընտրական հանձնաժողովներում անդամ ունեցող «Ժառանգություն» կուսակցության և ՀԱԿ ներկայացուցիչները գրեթե բացակայում են: Վստահված անձանց մասին խոսելը նույնիսկ ավելորդ է՝ եթե Երևանում դժվարությամբ կարելի է գտնել ընտրատեղամասեր, որոնցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը վստահված անձինք ունեն: Իսկ այնպիսի ընտրատեղամասեր, որոնցում միաժամանակ և՛ Բագրատյանը, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ վստահված անձինք ունենան, ուղղակի գրեթե հնարավոր չէ գտնել:

Եվ, թերևս, իշխանությունն ավելի լավ էր տեղեկացված ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության մասին, դրա համար էլ երեկ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայտարարեց, որ գործող նախագահը վստահված անձանց` հանձնաժողովների մեջտեղում նստելու իրավունքը մեծահոգաբար զիջում է Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ընդդիմադիր թեկնածուների` մարդկային ռեսուրսի բացակայությունը տեղամասերում, իր հերթին՝ երկու պատճառ ունի: Նախ՝ ֆիզիկապես նրանք 2 կամ 4  հազար մարդ չունեն («Ժառանգությունը» պետք է ունենար առնվազն 4 հազար ներկայացուցիչ` հանրապետության տարածքի յուրաքանչյուր տեղամասում մեկական հանձնաժողովի անդամ և վստահված անձ ներկայացնելու համար), Հրանտ Բագրատյանը` առնվազն 2000 հազար:

Վերջինս հայտարարել է, որ ունի 1200 վստահված անձ, սակայն ընտրությունների օրը պարզ դարձավ, որ դրանց թիվն առնվազն մի քանի անգամ պակաս է: Մյուս կողմից` բացառված չէ, որ Հովհաննիսյանի ու Բագրատյանի առանց այդ էլ ոչ բազմաքանակ վստահված անձանց զգալի մասն ընտրատեղամաս գնալով՝ հայտնաբերել է, որ արդեն ապրում է «Ապահով Հայաստանում»:

Այսինքն` տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունենում բոլոր ընտրությունների ժամանակ. ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց ու հանձնաժողովների անդամների մի մասը գործարքի է գնում հանձնաժողովի իշխանական նախագահի կամ քարտուղարի հետ: Առավել ևս, որ այս անգամ կարծես փող ավելի շատ կա, քան ընտրողներ, որոնց համար նախատեսված է այդ փողը:

Իրավիճակն այսպիսին չէր լինի, իհարկե, եթե Հայ ազգային կոնգրեսն իր մարդկային ռեսուրսը տրամադրեր ոչ թե ընդդիմադիր թեկնածուներին վարկաբեկելուն, այլ Հրանտ Բագրատյանին սատարելուն: Բայց գուցե այդ դեպքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չունենար այնպիսի բարձր տրամադրություն, որպիսին ուներ այսօր` քվեարկություն կատարելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս