Խոստացել են դեսպանին` պատժել ընտրակեղծարարներին
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, գնահատելով նախընտրական իրավիճակը, ըստ ԳԱԼԱ-ի՝ նշել է. «Այսօր Գյումրիում ես հանդիպեցի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ, բոլորը շատ ակտիվ աշխատում էին, ինչը շատ ուրախալի էր: Ամեն դեպքում ԱՄՆ դեսպանատան համար կարևոր է ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ այն, որ ընտրությունները լինեն ազատ և արդար»: Անդրադառնալով ազատ և արդար ընտրությունների համար խոչընդոտ հանդիսացող դեպքերին, մասնավորապես վերջին օրերին մանավանդ մարզերում մասսայական դարձած ընտրակաշառքներին՝ դեսպանը նշել է. «Մի երկու-երեք շաբաթ առաջ Միացյալ Նահանգների դեսպանության ԵԱՀԿ և ԵՄ հովանու ներքո կազմակերպվեց մի դասընթաց, որին մասնակցում էին բոլոր իրավապահ կառույցների ներկայացուցիչները` ոստիկանապետը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը:
Նրանք այդ համաժողովում խոստացան, որ ցանկացած խախտման մասին հաղորդում ստանալու դեպքում մանրակրկիտ հետաքննություն կսկսեն: Իրավապահ մարմինները նույնպես առանձնացրին ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախանշվել էին որպես խնդիրներ: Բոլոր պատկան մարմինները նշեցին այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու իրենց պարտավորության մասին: Ուստի ես ակնկալում եմ, որ Հայաստանի քաղաքացիները խախտումներ տեսնելու դեպքում այդ մասին կհայտնեն պատկան մարմիններին, որպեսզի վերջիններս իրենց խոստումը կատարելու հնարավորություն ունենան: Ես ուղղակի ուզում եմ կոչ անել մարդկանց, որպեսզի ընտրակաշառքների դեպքերի մասին տեղյակ պահեն»:
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ տարօրինակ չի՞ համարում դեսպանն այն փաստը, որ Հայաստանում նախընտրական գործընթացներում բացակայում են որևէ ձևաչափով բանավեճերը թեկնածուների միջև, դեսպանը պատասխանել է. «Ընտրությունները պետք է լինեն գաղափարախոսության և քաղաքականությունների ընտրություն, և ցանկացած միջոց, որը թույլ է տալիս, որ մարդիկ ծանոթանան թեկնածուների գաղափարներին ու առաջարկվող քաղաքականություններին, կարող է օգտակար լինել քաղաքացիների կողմնորոշման համար, սակայն թեկնածուները իրենք են որոշում:
Ընտրական գործընթացի համակարգում, իմ գնահատմամբ, այդ միջոցների կիրառումը կարևոր է, որպեսզի մարդիկ ընտրություն կատարեն ոչ թե անձանց, այլ նրանց գաղափարախոսության և ծրագրերի միջև»: