«Կարո՞ղ ես այնպիսի մի սուտ հորինել…»
Աննան այսօր խաղաղ ու անաղմուկ «հագել» է շարժասայլակն, առանց որի կյանքը բազմոցից այն կողմ կանգ է առնում: Կյանքը երեք օր կանգ էր առել, ինքը` նույնպես, քանի որ ոչինչ չէր զգում, մարմինն անկառավարելի էր, մտքում` խառնաշփոթ: Միայն զգում էր, որ մարմինը գրկած տեղափոխում են մահճակալ, մահճակալից` բազմոց: Երկու օր էլ մահճակալից` բազմոց, բազմոցից` մահճակալ են տեղափոխել, մինչև երկու օր առաջ ընդունած դեղահաբերն օրգանիզմում ամեն ինչ տեղն են գցել: Դեղորայքի բացակայության հետևանքը, որպես կանոն, սպանում է Աննայի միջի մարդուն, ու ժամանակ առ ժամանակ մարմինը շնչում է, բայց չգիտի` հոգին ուր է: «Պոլիկլինիկան դեղորայքը չէր ստացել: Ամաչում եմ, ահավոր անհարմար եմ զգում, բայց պիտի ասեմ, փող չկար, որ դեղերը գնեինք: Ինքն առանց դեղ չի կարող ապրել, բայց, հավատա, անգամ հացի գումար չունեինք: Մի քանի օր դեղ չխմեց ու… Ցնցումների մեջ էր, գիտակցությունը կորցրեց, չէինք կարողանում ուշքի բերել: Երկու օր անգիտակից վիճակում պահել ենք, մինչև դեղորայքն առել, խմացրել ենք: Երկու օր գրկած ստեղից-էնտեղ ենք քարշ տվել, մինչև դեղերն ազդել են: Թշնամուս չեմ ցանկանա էն տեսարանը, երբ երեխես ընկնում ա նոպաների մեջ: Դա սոսկալի մի բան ա»,- ասում է Աննայի մայրը` տիկին Սուսաննան՝ հավելելով, որ տեղեկացրել են դեղորայքը ստանալու մասին՝ երկուշաբթի կստանան: Բայց երկուշաբթի էլ նախագահական ընտրություններն են, ու ինքը պետք է իր քաղաքացիական պարտքը կատարի: Քաղաքացիական պարտքը կատարում է՝ քաջ գիտակցելով, որ հայրենիքի նկատմամբ պարտքի դիմաց ընտրյալներն ապտակելու են նույնքան ուժգին, որքան նախորդ քաղաքացիական պարտքին հաջորդած ապտակն էր: Ասում է՝ «Պատգամավորական ընտրությունների ժամանակ եկան ստորագրություններ վերցրին, թե՝ ընտրեք հանրապետականներին, որպեսզի մեր էս չոլի ճանապարհն ասֆալտապատեն: Մեր էս ճանապարհի հարցը մեզ համար կյանքի խնդիր ա, որովհետև սայլակը չենք կարողանում տեղաշարժել էդ քարերի, փոսերի միջով: Աղջիկս վատանում ա, բայց մարդ ա, չէ՞, ուզում ա դուրս գալ, արևի երես տեսնել: Հանրապետականի օգտին քվեարկեցինք, բայց խաբեցին, ոնց որ միշտ»: Մի խոսքով, անկախ ամեն ինչից` գնալու են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու ու գնալու են ոչ թե ընտրության, այլ՝ գիտակցաբար խաբվելու: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան 76 հասցեի բնակչուհի Սուսաննա Պապոյանը մեկ էլ ինձ դիմել էր 2007թ.-ին: Նույն խնդիրն էր՝ հաշմանդամություն ունեցող անձ, աղքատություն, ապրել չկարողանալու հարց: 2007-ից այս կողմ քաղաքը զարգացել է, բյուջեն աճել է, տնտեսությունն աճել է, հաշմանդամության հարցերով զբաղվող կազմակերպությունները աճել են, նրանց պաշտպանության համար կոնվենցիաները վավերացվել են, բայց տիկին Սուսաննայի աղքատ ընտանիքը ծայրահեղ աղքատությունից էլ ծայրահեղ աղքատացել է:
Սուսաննան ապրում է երկու հաշմանդամ աղջիկների հետ, որոնցից Սվետլանան` 3-րդ կարգի, իսկ Աննան` 1-ին կարգի ցմահ հաշմանդամություն ունեն: Աննան կարող էր ավելի լավ լինել, եթե ծնողները շարունակեին նրա հիվանդության համար պահանջվող երկարատև բուժումը: «Գրիպից ուղեղի թաղանթի բորբոքում սկսվեց: Ուղարկեցին Մոսկվա, երկար բուժումներ ստացավ, հետո պիտի տանեինք Եվպատորիա, Սակի, բայց երկրի վիճակը վատացավ, դարձանք աղքատ ու չկարողացանք աղջկաս բուժումը հետևողականորեն շարունակել: Տարին տարվա վրա վատացավ: Հասկանո՞ւմ եք, էս չորս պատից էն կողմ իր համար կյանք չկա: Ուզում ես մի տեղ տանել, բայց մեքենա չկա, իսկ տաքսիով էլ չենք կարող մեզ թույլ տալ: Լավ, էս երկրում հաշմանդամների համար մի բան կարո՞ղ են անել, թե՞ դատապարտված են սովից ու աղքատությունից մեռնելու»,- բորբոքված պոռթկում է տիկին Սուսաննան, ով, թեև մի քանի հարցերով դիմել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, այդուհանդերձ, անարդյունք:
Ասում եմ՝ «Գիտեք, հասկանում եմ, բայց Հայաստանում կիրառվում են հաշմանդամություն ունեցող անձանց թեմայով լուսաբանման էթիկայի կանոններ, և լրագրողներից պահանջում են նման մարդկանց մասին գրելիս հանկարծ խղճահարություն չառաջացնել: Բա հիմա ես ո՞նց գրեմ, որ Ձեր աղջկա ինքնասիրությունը չվիրավորեմ: Ասում են՝ չի կարելի կենտրոնանալ մարդու հաշմանդամության վրա»: Տիկին Սուսաննան և՛ հեգնում, և՛ զարմանում է: Ինձ ասում է, որ չհամարձակվեմ ստել հանուն նրա, որ էթիկայի կանոնները չխախտեմ: «Դու իմ տանն ես. կարո՞ղ ես էնպես ստել, որ էթիկա պահես, կամ դու իմ աղջկան տեսնում ես, քո առջև նստած ա, կարո՞ղ ես էնքան անազնիվ լինել, որ գրես, իբր թե լինելով հաշմանդամ` ինքը շատ լավ վիճակում ա: Ես իրա մայրն եմ, ասում եմ՝ հացի խնդիր չենք կարողանում լուծել, որ դեղերը առնենք: Ինչի՞ մասին եք խոսում, իսկ էդ էթիկա պահանջողները կարո՞ղ են գալ, ականատես լինել, թե ոնց ա երեխաս առանց դեղերի` գիտակցությունը կորցնում, հատակին ցնցվում: Ի՞նչ ա, ուզում եք խաբել, թե մեր երկրում հաշմանդամները հոյակապ ապրում են, ու իրանց միակ խնդիրը հիվանդությո՞ւնն ա: Եթե հաշմանդամի ընտանիքը չի կարողանում իրեն խնամել, պահել, հաց ու դեղ առնել, ինչի՞ մասին եք դուք խոսում»,- բարկությունից ձայնը բարձրացնելով` ասում է տիկին Սուսաննան, ում մյուս դստեր՝ Սվետլանայի թևն ի ծնե կիսատ է, և նա մի ձեռքով է ապրում:
Սվետլանան չափազանց աշխատասեր կին է, և անգամ մեկ ձեռքով կարողանում է ուրիշների տները մաքրելով` գումար վաստակել, բայց միշտ չէ, որ գործատուն նրա ֆիզիկական խնդրին ուշադրություն չդարձնելով` աշխատանք է վստահում: Կայուն աշխատանք ունենալու համար նա շատ դռներ է թակել, որտեղ, սակայն, տեսնելով նրա մի ձեռքի բացակայությունը` անմիջապես բացասական պատասխան են տվել: «Մի քանի օր առաջ գնացել էր մի սրճարան` հավաքարարի կամ աման լվացողի աշխատանք խնդրելու: Միանգամից մերժել էին, իսկ երբ հարցրել էր՝ ինչո՞ւ, պատասխանել էին՝ հաճախորդները հուշտ կլինեն, որ քեզ տեսնեն: Ասեք խնդրեմ, եթե մարդու մի ձեռքը չկա, դա ի՞նչ ա, նշանակում ա` պիտի մարդկանց աչքին չերևա՞»,- նեղսրտում է տիկին Սուսաննան: Արդեն քանի օր է` Սվետլանան աշխատում է, բայց գիշերը՝ մթին: Հավանաբար ֆիզիկական թերությունն այդ ժամերին մարդկանց «հուշտ» չի անում. Գերեզմանատան հարակից տարածքում ծաղիկ է վաճառում: «Տեսնենք` ինչքան կթողեն, որ աշխատի»,- ասում է տիկին Սուսաննան, ով, մի քանի օր է, Սվետլանայի աշխատանքի շնորհիվ` Աննայի դեղորայքը կարողանում է գնել, բայց նաև շատ անհանգստանում է աղջկա գիշերվա ժամերին աշխատելու համար: Առայժմ գոյատևում են մարդկային վերջին այն ռեսուրսներով, որոնք, թվում է, այլևս սպառված են: Աննան նույնպես գոյատևում է հաշմանդամություն ունեցող մարդու համար այլևս անհնար թվացող ջանքերով: Աննան երկուշաբթի չի գնա ընտրատեղամաս` գիտակցաբար խաբված լինելու քաղաքացիական պարտքը կատարելու, քանի որ իրենց «չոլի» փողոցով անհնար է շարժասայլակ տեղաշարժել: Բայց մայրն ու քույրը կգնան իրենց քվեն տալու նախընտրական այն ծրագրին, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք փետրվարի 19-ից սկսած ապրելու են արժանապատիվ կյանքով՝ ստանալու են բարձր թոշակ, բուժվելու են վերականգնողական կենտրոններում, աշխատելու են սոցիալական ձեռնարկություններում, ինտեգրվելու են հասարակությանը, օգտվելու են անվճար տրանսպորտից, մասնակցելու են համայնքային մշակութային կյանքին: Մի խոսքով՝ ապրելու են այնպես, ինչպես սովորաբար գրվում է թղթերի վրա: